ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
2016 թվականի բյուջեն իշխանություններն անվանեցին սոցիալական: Բյուջեի քննարկման ժամանակ նաեւ խոստովանեցին, որ գալիք տարի կյանքը դժվարանալու է: Այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, իշխանությունները մարտահրավեր են համարում այն, որ աշխատավարձերի, կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում 2016 թվականին նախատեսված չէ:
«Ռեսուրսները սպառված են, նոր ռեսուրսներ չկան եւ նոր գաղափարներ էլ չկան: Ամենավտանգավորը ես դա եմ համարում՝ գաղափարի բացակայությունը: Մարդկանց հույս տալու, մոտիվացնելու հնարավորությունները սպառվել են: Սա եկավ ապացուցելու այն, որ նման համակարգն իրեն վաղ թե ուշ սպառելու էր եւ վերջը բերելու էր մի այնպիսի վիճակի, որ զարգացման որեւէ հնարավորություններ չկան: Այդ ամենից ելնելով, ամենայն հավանականությամբ, իշխանությունները երեկ վատատեսական նոտաներով էին փորձում ներկայացնել իրեց 2016 թվականի ծրագրերը»,- մեզ հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը:
Հարցին, թե գուցե ավելի լավ է, որ իշխանությունները հասկացել են, որ չարժե զուր խոստումներով «կերակրել» մարդկանց, հակառակը, հասկացնում են, որ «գոտիները ձգելու» ժամանակն է, Վահագն Խաչատրյանը նշեց.
«Խոստում տալը դեռեւս չի նշանակում, որ պետք է խաբեն: Ոչ թե խոստում է պետք տալ, այլ նախ եւ առաջ աշխատել է պետք: Խոստումներ տալով, իհարկե, որեւէ հարց չլուծվեց, եւ շատ լավ հասկանում են, որ իրենց խոսքն արժեք չունի: Պատճառը դա է: Հակառակ դեպքում այդ գործում իշխանության ներկայացուցիչները լավ մասնագիտացված են: Բոլոր խոստումները, որ տրված են 2007 թվականից, իրար կողքի եթե շարենք եւ համեմատենք, թե այս տարիների ընթացքում ի՞նչ են արել: Իշխանությունները պարտավոր են սպասվելիք վիճակի մասին տեղեկություններ տալ հասարակությանը, իրենց մոտեցումները հայտնել եւ իրենց անելիքի մասին խոսել, ասել այն, թե ինչ է սպասվում մարդկանց: Հիմա դա էլ չեն անում: Մեզ ուղղակի ասում են, որ մենք ոչինչ չենք կարող անել՝ քո աշխատավարձը չենք կարող բարձրացնել, քո կենսաթոշակը չենք կարող բարձրացնել…»:
Անկախ այդ խոստովանությունից՝ իշխանությունները նշում են, որ բյուջեն սոցիալական է: Վահագն Խաչատրյանը հակադարձում է՝ ցանկացած բյուջե սոցիալական է:
«Չկա նման չափորոշիչ, որ որոշես: Ուղղակի խոսք է՝ ասում են, որպեսզի ինչ-որ ձեւով էլ արդարանան: Ի վերջո, ցանկացած երկրի բյուջեի ծախսային մասը սոցիալական ուղղվածություն ունի, եթե դրա մեջ մտցնում են առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն… Ցանկացած երկրում դա ամենամեծ տոկոսն է կազմում, եւ բյուջեի հիմնական խնդիրներից մեկը՝ որպես պետության ֆունկցիայի իրականացնում, այդ խնդիրները լուծելն է, բայց դա չի նշանակում, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: Սովորական բյուջե է, որն ունի եկամուտներ, ունի ծախսեր: Պետք է ասել, որ 2016թ. բյուջեն առանձնանում է նրանով, որ 190 միլիարդ դրամի դեֆիցիտ է նախատեսում: Ես ել կասեմ՝ գիտե՞ք ինչ կա, այս բյուջեն երկրի կործանման համար առաջին գործիքն է դարձել, որովհետեւ այս բյուջեի իրականացման արդյունքում մենք կունենանք 5,7 միլիարդ դոլարի արտաքին պետական պարտք»,- նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետ Արզուման Հակոբյանը չի բացառում, որ վաղ թե ուշ ճգնաժամային իրավիճակը հասնի բանկային համակարգ, որը լի է բազմաթիվ վտանգներով: Ընդգծում է՝ եթե տնտեսության իրական հատվածը չի զարգանում, աճ չի արձանագրվում, նշանակում է վաղ թե ուշ բանկային համակարգը ստանալու է բացասական ազդակներ, որքան էլ կենտրոնական բանկն իր գործիքների օգնությամբ փորձի չեզոքացնել այդ ռիսկերը:
«Դրա հետեւանքով վարկային ռիսկերը քանի գնալու, այնքան ծանրանալու են: Դեռեւս ընդգծված բանկային ճգնաժամ ես չեմ տեսնում, սակայն շատ կարեւոր հարց կա, որը պետք է նշել. եթե բյուջետային ճգնաժամ է, բյուջեն չի կատարվում, եկամուտները չեն հավաքագրվում, բյուջեի հետ կապված նորանոր պրոբլեմների ենք բախվում, մեր հանրապետության տնտեսությունն այնքան թույլ է, որ այս կանխատեսումները տեղի են ունենում: Բանկային համակարգը ռիսկերի տեսակետից բավականին ճկուն է, ունակ, դրա համար խնդիրներին շատ արագ չի արձագանքում, արագ չի արտահայտվում: Տնտեսության վատ վիճակը տարիներ առաջ է սկսվել: Իրական հատվածի վատ վիճակն այսօր նոր բերել հանգեցրել է նրան, որ կան մտավախություններ՝ բանկային ոլորտի ճգնաժամի վերաբերյալ: Բանկային համակարգը էլի կարող է դիմանալ, բայց անշուշտ պետք է նշել, որ դա շատ լուրջ ռիսկեր է պարունակում, որովհետեւ բանկային համակարգն ածանցյալ համակարգ է իրական ոլորտի: Եթե նյութական բարիքների արտադրությունը չի զարգանում, նշանակում է ուշ թե շուտ այդ ոլորտն էլ նույն ձեւի պետք է քանդվի եւ կազմալուծվի»,- նշեց Արզուման Հակոբյանը:
Իշխանությունների՝ 2016 թվականի հետ կապված խոստովանությունը, վատատեսական կանխատեսումները սպասելի է համարում: «Ռուսաստանի հետ էլ է կապված, Եվրոպայի հետ էլ է կապված: Վիճակը ոչ միայն չի լավանում, այլ ավելի շուտ խնդիրներն ավելանում են: Բոլոր գործոններն իրենց ազդեցությունը թողնում են, դա համակարգ է: Հազար ու մի գործոն կա, բայց դրա հիմնական պատճառն այն է, որ մենք չկարողացանք ոչ մի ձեւով տնտեսությունն աշխուժացնել, ներքին եւ արտաքին ներդրումների ծավալն ավելացնել, ընդլայնվել, զարգանալ… իրական ոլորտը քանի գնում, ավելի է թուլանում:
Բնակչությունն իր ունեցած ռեսուրսները տալիս է կառավարությանը, ասում է՝ արդյունավետ տնտեսություն վարի, եթե տնտեսությունը չի զարգանում, արդյունավետ չէ, չի աճում, նշանակում է՝ մենք մեր ռեսուրսները տվել ենք եւ չենք էլ հետեւում, թե ինչպես են կառավարում: Իշխանություններն իրենք էլ գիտեն, որ արդյունավետ չի կառավարվում»:
Արմենուհի Վարդանյան