ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ SPA

ՍՊԱ (SPA) բառի ստուգաբանության շուրջ մինչ օրս տարբեր տեսակետներ են հնչում։ Առաջին վարկածը կապվում է լատիներեն Sanitas pro Aqua՝ «առողջություն ջրի միջոցով» արտահայտության հետ, որը, որոշ տվյալների համաձայն, հնչեցրել է հռոմեական կայսր Ներոնը՝ Հռոմի գեղատեսիլ շատրվաններով հիանալիս։ Երկրորդ վարկածի համաձայն՝ ՍՊԱ բառը անգլերեն Sauna Pool Area՝ «սաունա՝ լողավազանով» բառակապակցության հապավումն է (որն իրենց հյուրանոցը ներկայացնելիս որպես առավելություն շեշտում էին հյուրանոցների աշխատակիցները)։ Երրորդ տարբերակն առաջարկում են հանրագիտարաններն ու հանրագիտական բառարանները՝ ՍՊԱ անվանումը կապելով բելգիական ՍՊԱ քաղաքի հետ, ուր տեղակայված է եվրոպական հայտնի առողջարանը, որտեղ բուժումներն իրականացվում են հանքային ջրերի միջոցով։

Ներկայում ՍՊԱ-ն միջազգային հասկացություն է, որը ենթադրում է ապաքինող, թարմացնող պրոցեդուրաներ ջրի միջոցով։

1322062383_24rim

Այդ մասին գիտեին դեռևս հնագույն ժամանակներում թե՛ Հին Արևելքում, թե՛ Հունաստանում և Հռոմում․ դեռ մ․թ․ա․ 5-րդ դարում հույն մտածող Հերոդոտոսը մշակել էր բուժիչ նպատակներով հանքային ջրերի օգտագործման մեթոդիկան։  ՍՊԱ-ի լավագույն օրինակ են բաղնիքները Հին Հունաստանում և թերմերը՝ Հին Հռոմում, որոնք իրավամբ հասարակական ժամանցի վայրեր էին, ուր մարդիկ այցելում էին ոչ միայն լողանալու, բուժիչ և կոսմետիկ խնամք ստանալու, այլ նաև զրուցելու, ինչ-որ բան ճաշակելու, իրենց ցուցադրելու համար։

Ավելի ուշ բժշկության հայր Հիպոկրատն իր աշխատություններում հիշատակել էր ծովային, աղի և քաղցրահամ ջրերի օգտակարության և զարմանալի հատկությունների մասին։ Այդպես է սկզբնավորվել բժշկության՝ օրգանիզմի վրա հանքային ջրերի ազդեցությունն ուսումնասիրող ճյուղերից մեկը՝ բալնեոլոգիան՝ ջերմուկաբուժությունը։

gVzd8u8BcE7gOBcU3HV43mo0FY

Ջրային թերապիան լայնորեն կիրառվում էր նաև Հին Արևելքում և ասիական երկրներում, սակայն այնուամենայնիվ ՍՊԱ հասկացությունը որպես այդպիսին առաջացել է Կալիֆորնիայում 20-րդ դարի 60-ական թթ․ վերջում։ Ոգեշնչված ճապոնական «ֆուրո»-ից՝ շատ տաք բաղնիքից, ուր գնում են ողջ ընտանիքով, ամերիկացիները ստեղծեցին իրենց «տաք բաղնիքը» փայտե «լոգարաններով»՝ այդ նպատակով օգտագործելով գինու համար նախատեսված կաղնու փայտից պատրաստված տակառները։ Դա կոլեկտիվիզմի դարաշրջանի, հիպի շարժման, ուժի հնագույն աղբյուրին՝ հողին վերադառնալու փորձի ծաղկուն շրջանն էր։ Ամերիկյան «տաք վաննաները» ազատ ժամանակ չունեցող և մշտապես սթրեսի մեջ գտնվող գործարար մարդու երազանքն էին, ուր կարելի էր երկար վայելել գոլորշին, հանգիստ լողանալ, իսկ հետո հանձնել սեփական մարմինը մերսողի հանդարտ ձեռքերին։

Ջակուզի ազգանունը կրող իտալական մի ընտանիք կարողացավ կատարելագործել այդ գործընթացը՝ լոգարանների վրա հատուկ պոմպեր ու փոքրիկ շատրվաններ սարքավորելով, որոնք հենց ջրում մարմնի տարբեր հատվածների մերսում էին իրականացնում։   Այդ լոգարանները շատ արագ սկսեցին հաջողություն վայելել և համապատասխանաբար ստացան Ջակուզի անվանումը։

model behandlung_spa_300

Հենց այդ ժամանակաշրջանում կրկին «նորաձև դարձավ» մարմնի և հոգու ներդաշնակության ձգտումը․ մշտական ընկճախտից տառապող կանայք ու տղամարդիկ այցելում էին ՍՊԱ կենտրոններ՝ «իրենք իրենց երես տալու», գոնե որոշ ժամանակով հոգնածությունը թոթափելու և մանկական անհոգությունը վերագտնելու համար։

Շուտով ՍՊԱ-ի ֆենոմենը, անցնելով Խաղաղ օվկիանոսը, վերադարձավ իր արմատներին՝ դեպի Ասիա։ Հենց այստեղ, հավատարիմ մնալով բազմադարյա ավանդույթներին, կատարելագործեցին ՍՊԱ-ի հայեցակարգը․ պատահական չէ, որ ՍՊԱ-ի միջազգային ասոցիացիան ձևավորվել է Սինգապուրում, այլ ոչ թե Միացյալ Նահանգներում։ Շքեղ հյուրանոցներն, արագ հասկանալով ՍՊԱ-ի կոմերցիոն նշանակությունը, բացեցին իրենց կենտրոնները՝ կատարելագործելով ՍՊԱ արարողակարգը։

bf1dbef107c465d70d481f816eb4823b

Այսօր ՍՊԱ հասկացությունը մարմնի առողջացմանն ու երիտասարդացմանն ուղղված և հոգեկան հավասարակշռությունը վերականգնող բազմատեսակ պրոցեդուրաների կոմպլեքս համակարգ է, որտեղ օգտագործվում են ծովային, հանքային, թերմալ, քաղցրահամ ջրեր, ջրիմուռներ, բուժախոտեր, կավատեսակներ, յուղեր և տարատեսակ էքստրակտներ։ ՍՊԱ-ն ներառում է լողի և լոգանքի բոլոր տեսակները, ֆիթնես-ծրագրեր, մերսումներ, շփումներ, մարմնի տարբեր հատվածների պատենավորում, խնամք, դիետիկ լուծումներ, անգամ ձկնային ոտնահարդարում և մեդիտացիա։

Հարկ է նշել, որ ՍՊԱ ոլորտին սերտորեն առնչվում է մաշկի մաքրման գործընթացը․ այս դեպքում առավել քան կարևոր է մաքրող ճիշտ միջոցի ընտրությունը․ «ՆՈՅԵՄԻ» բնական օճառատեսակները հիանալիորեն տեղավորվում են ՍՊԱ հասկացության հայեցակարգում՝ իրենց մաշկը մաքրող, վերականգնող, խոնավեցնող, սնուցող և պաշտպանող հատկությունների շնորհիվ։