ԻՆՉՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ, ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԸ. THE GUARDIAN

«Հունվարին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորեց ժողովրդին այն փաստի առիթով, որ առաջին անգամ անցկացրեց ձմեռն առանց ռուսաստանյան գազի գնումների»,- The Guardian-ում գրում է քաղաքագիտության պրոֆեսոր Նիկոլայ Պետրոն: «Ռուսականի փոխարեն Ուկրաինան գնել է եվրոպական գազ, որը, ինչպես հպարտորեն ընդգծել է Պորոշենկոն, 30%-ով ավելի թանկ է եղել»,- շարունակում է հեղինակը:
Պետրոյի կարծիքով դա ընդգծում է ուկրաինական տնտեսության հիմնական խնդիրը՝ «որոշումը՝ խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ, որն ընդունվել է գաղափարական հիմքերով»:
Կառավարության գործունեությունը հեղինակը համարում է ինքնասպանություն:
«Պաշտպանության եւ ավիացիայի բնագավառների արտադրությունը կորցրել է եկամտի 80%-ը՝ 2014-ին խզելով պայմանագրերը Ռուսաստանի հետ: Բանկային ոլորտում Մոսկվայի հետ խզելով բոլոր կապերը՝ Կիեւը մնաց առանց ներդրումների եւ ուկրաինացիների դրամական փոխանցումների, ովքեր աշխատում են Ռուսաստանում: Անցյալ տարի Ուկրաինային հաջողվեց դուրս գրել պարտքի 20 տոկոսը եվրոբոնդերով: Սակայն հաջորդ սերունդներն արեւմտյան պարտատերերին կտան ՀՆԱ-ի աճի մինչեւ 50 տոկոսը, եթե այն երբեւէ հասնի տարեկան 4%-ի: Ավաղ, դրա համար վճարում են հասարակ ուկրաինացիները»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Պորոշենկոն հրապարակավ հայտարարեց, որ պետությունը կդադարի սուբսիդավորել արդյունաբերությանը եւ կնպաստի ներդրումներին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Սակայն պարզ չէ, թե որտեղ պետք է նա վաճառի գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ Ուկրաինան ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելով կորցրել է արտոնյալ մուտքը դեպի իր ամենամեծ շուկան՝ Ռուսաստանը: Իսկ ԵՄ հավաստագրումը թույլ է տալիս միայն ուկրաինական 72 ընկերությունների արտահանել արտադրանքը դեպի Եվրոպա: Այդ 72 հավաստագրերից 39-ը տրված է մեղրի համար»,- գրում է Պետրոն:
«Չափազանց մեծ է վտանգը, որ Ուկրաինան կվերածվի ձախողված պետության, եւ միլիոնավոր ուկրաինացիներ փախստական կդառնան մի ժամանակ, երբ Եվրոպայում առանց այդ էլ խորանում է միգրացիոն ճգնաժամը: Նման արդյունքից խուսափելու լավագույն միջոցն ընդունելն է, որ Ուկրաինայի տնտեսական գոյատեւումը կախված չէ արեւմտյան վարկատուներից, այլ՝ ռուսաստանյան ներդրումներից: Արեւմտյան քաղաքական գործիչները պետք է պահանջեն, որ տնտեսական ռացիոնալիզմը հաղթի տնտեսական ազգայնականությանը, եւ դա դարձնել օգնության տրամադրման պայման»,- եզրափակում է հեղինակը:
Աղբյուր՝ The Guardian
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան