970 ՀԶՐ. ՄԱՐԴ ԱՂՔԱՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՅՍԻՆՔՆ ԱՄԵՆ ԵՐՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ

image

Այսօր աշխարհում նշվում է Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն սահմանվել է 1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ պրոպագանդելու համար բոլոր երկրներում աղքատության վերացման անհրաժեշտությունը:

Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ աղքատության մակարդակը բարձր է եղել, եւ առաջիկայում էլ որեւէ հույս չկա, որ վիճակն ավելի չի վատանա: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ մեր երկրի բնակչության մեկ երրորդն աղքատ է, սա նշանակում է, որ ամեն երրորդ մարդն է աղքատ:

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Արզուման Հակոբյանն ասաց.

«970 հազար մարդ աղքատ է Հայաստանում, սա պաշտոնական տվյալներով եմ ասում: Աղքատ երկիր ենք, եւ 32-35 տոկոս աղքատություն է, դա ոչ ոք չի ժխտում: Իսկ ելքը բոլորը գիտեն, հայտնի է, մենք տնտեսություն չունենք, տնտեսություն պետք է ունենանք, որ աղքատությունն էլ վերանա: Նախ պետք է ստեղծել տնտեսություն, որը մենք այդպես էլ չարեցինք»:

Տնտեսագետ Արզուման Հակոբյանի կարծիքով այսօր կան բոլոր նախադրյալները եզրակացնելու, որ աղքատության մակարդակը քանի գնալու, ավելանալու է: Պաշտոնյաների կողմից ինչ-որ վերացական թվեր ասելը եւ ապահովագրվելն անիմաստ զբաղմունք է:

Մեր այն հարցին, թե ՀՀ-ում որքա՞ն գումար է պակասում եւ կամ տարեկան որքա՞ն գումար է անհրաժեշտ, որ դրվի շրջանառության մեջ, եւ որը կօգնի, որ աղքատության մակարդակը Հայաստանում կրճատվի, տնտեսագետն արձագանքեց, որ իրականում նման հաշվարկներ կան, սակայն Հայաստանի նման երկրների դեպքում այդ հաշվարկները չեն գործում: Քանի որ, ըստ նրա, Հայաստանում ոչ թե փողն է պակասում, այլ տնտեսական համակարգն է բացակայում, չկա: «Եվ եթե անգամ կատարվեն նման հաշվարկներ եւ ներդրվեն այդ գումարները, միեւնույն է, դրանից աղքատության մակարդակը չի նվազի, աղքատների թիվն էլ չի պակասի»:

«Իմ կարծիքով ճիշտ կլինի այստեղ բերել մերձբալթյան երկրների օրինակը, իրենց մոտ էլ տնտեսական աճի, բնակչության թվաքանակն էապես չի տարբերվում Հայաստանից, բայց այնտեղ չկա աղքատության այս մակարդակը: Մենք մինչեւ զարգացող տնտեսական համակարգ չունենանք, ոչ մի հարց էլ չի լուծվելու, այդ թվում նաեւ աղքատության մակարդակը: Պետք է ընդունենք, որ տնտեսությունը չի աշխատում, եւ հույս էլ չկա, որ որեւէ հարց լուծվելու է: Դա համար էլ ամեն երրորդ մարդն աղքատ է: Եթե սա պաշտոնական է, պատկերացրեք՝ ինչքան կլինի իրականում»:

Տնտեսագետը հիշեց նաեւ բոլորովին վերջերս հրապարակված պաշտոնական թվեր, որոնք ներկայացնում էին, թե ՌԴ-ում որտեղ է ֆինանսների կենտրոնացումը եւ ինչից է առաջացել աղքատությունը. «Այո, դա ճիշտ է Ռուսաստանի համար ասացին, բայց կարծում եմ նաեւ մեր երկրում էլ ճիշտ նույնի պատճենն է: Եվ այսպես, պաշտոնական տվյալներով ՌԴ-ում հարստության 85 տոկոսը կենտրոնացված է բնակչության 10 տոկոսի ձեռքին:

Հայաստանում ասում են՝ 60-65 է այդ թիվը, բայց կարծում եմ, որ ՌԴ-ից որեւէ բանով չի տարբերվում, դեռ մի բան էլ ավելի բարձր է»:

 

Քրիստինա Մկրտչյան