1500 ԱՄՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ՝ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ. ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՏԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

big_1383117087_5767223 okkk

Հայաստանի պետական պարտքը հիմա 5 միլիարդ դոլարից մի փոքր ավելին է: Սա մեկ շնչի հաշվով կազմում է մոտավորապես 1500 ԱՄՆ դոլար: Անհանգստացնող է այն տեսանկյունից, որ կարող են խնդիրներ առաջ գալ պետական պարտքի սպասարկման հարցում, քանի որ այն արդեն հասել է ՀՆԱ-ի 50 տոկոսին:

Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը: Սակայն անցած տարի փոփոխություններ կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում՝ մեծացնելով ՀՀ կառավարության` ավելի շատ պարտքեր ներգրավվելու հնարավորությունը:

Այս ամենի հետ մեկտեղ միջազգային ֆինանսական կազմակերպությունները շարունակում են ֆինանսավորել Հայաստանին:

Հարցազրույց՝ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

Պարոն Առաքելյան, ՀՀ պետական պարտքն ավելի քան 5 միլիարդ դոլար է կազմում: Նման ծավալով պարտք Հայաստանը երբեւէ ունեցե՞լ է, եւ ի՞նչ եք կարծում, հնարավորություն ունի՞ սպասարկելու այն:

-Պարտքն, այո, իր այս ծավալով աննախադեպ է Հայաստանի պարագայում՝ ոչ միայն բացարձակ մեծությամբ, այլ նաեւ դրա հարաբերակցությունը թե ՀՆԱ-ին, թե պետական բյուջեին: Այն հասել է Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսի մակարդակին, ինչը շատ մտահոգիչ է, եւ առաջնային խնդիրը հենց պարտքի սպասարկման հարցն է եւ ոչ թե պարտքի առկայությունը:

 Մեսրոպ Առաքելյան
Մեսրոպ Առաքելյան

Սակայն հաշվի առնելով մեր պետական բյուջեի հնարավորությունները, ինչպես նաեւ պարտքի սպասարկման մեծությունը, դա ամենամտահոգիչ փաստն է: Մասնավորապես արդեն սկսած այս տարվանից 2015 թ.-ից բյուջեի ծախսերում բավականին մեծ տոկոս է կազմում պետական պարտքի եւ տոկոսների վճարումը եւ նաեւ պարտքի վերադարձը: Եվ եթե հաշվի առնենք, որ ավելացումներ չենք ունենում, հատկապես որ 2016 թ.-ի հատկացված բյուջեում եկամուտների հարց չի նախատեսվում, ստացվում է, որ դա տեղի է ունենում մնացած այլ՝ սոցիալական, ռազմական ծախսերի հաշվին: Իսկ պարտքի չսպասարկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների ամբողջ պետության համար:

Միեւնույն ժամանակ 2016թ. պետական բյուջեի դեֆիցիտն է ակնհայտ երեք տոկոսից ավելի, ինչը որ վերջին տարիներին նման ցուցանիշ չի արձանագրվել: Ակնհայտ է, որ միայն պետական պարտքի հաշվին է նման դեֆիցիտը հնարավոր լրացնել: Չեմ բացառում, որ հաշվի առնելով բացասական հաշվետվության համար պետական պարտքի լրացուցիչ ավելացում կունենանք մենք:

Պետական պարտքի սպասարկումը տեղի է ունենում հենց պետական բյուջեի հաշվին, որն էլ ձեւավորվում է քաղաքացիների եւ տնտեսվարողների հարկերից: Դուրս է գալիս, որ այդ հատվածով այդ վճարած հարկերի մասով, որը պետական պարտքի սպասարկման է գնում, այդ մասով այդ գումարները երկրից դուրս են գալիս: Այսինքն վճարած հարկերը պետական բյուջեից նորից հետ են վերադառնում, նորից գալիս են քաղաքացիներին աշխատավարձերի, թոշակների տեսքով, կամ տնտեսության մեջ են ներդրում արվում, սակայն այս պարագայում այս գումարը Հայաստանից դուրս է գալիս եւ վճարվում է վարկատու կազմակերպություններին կամ ընկերություններին:

Պարոն Առաքելյան, ստացվում է, որ այդ վարկերը վերցվել են, սակայն դրանք տնտեսության մեջ դրական տեղաշարժ չեն արձանագրել, հակառակը, կուտակվել են եւ բեռ են դարձել ՀՀ քաղաքացու ուսերին:

– Այդ վարկերը, ցավոք, տնտեսության մեջ որեւէ դրական տեղաշարժ չեն արձանագրել, այսինքն եթե մենք ունենայինք որոշակի ներգրավված միջոցներ, որոնք կնպաստեին տնտեսության զարգացմանը, այդ տեսանկյունից միջոցների ներգրավումը կարող էր լինել, երբ ձեռնարկությունները վարկային միջոցներ են վերցնում եւ բիզնեսը զարգացնում են եւ ունենում են ավելի մեծ շահույթ, քան այդ վարկի սպասարկումն է: Այդ դեպքում, այո, վարկ վերցնելն արդարացված է, իսկ եթե վարկ են վերցնում եւ ընթացիկ ծախսեր են իրականացնում, դա արդեն հանգեցնում է լուրջ խնդիրների: Հիմա ՀՀ-ն այդ փողերը վերցրել եւ օգտագործել է ընթացիկ ծախսերի համար՝ հիմնականում բյուջեի դեֆիցիտը փակելու: 2008 թ.-ից հետո պետական պարտքի նման կտրուկ աճն ակնհայտ է, 4 մլրդ-ով աճել է, տնտեսության մեջ դրական տեղաշարժ չի բերել, այսինքն որեւէ տնտեսական աճ, որեւէ զարգացում, ներդրումներ, նոր ձեռնարկատիրական ընկերությունների հիմնում պետական կամ խոշոր ենթակառուցվածքների ստեղծում չենք արձանագրել:

Հիմնական մտահոգությունն այն է, որ շարունակվում է այդ տենդենցը, երբ որ ԱԺ-ում էլ քննարկում, վավերացնում են այդ վարկային միջոցները՝ նույնիսկ 20 մլն, 50 մլն-ի չափով փոքր գումարները, թվում է՝ դրանք պետական պարտքի համար ծավալային առումով ոչինչ են: Լուրջ ուսումնասիրություն չեն կատարում այդ գումարների նպատակահարմարության համար: Արդյունքում՝ մեր պարտքն այդչափ ավելացել է:

Պարոն Առաքելյան, հինգ մլրդ դոլարը ՀՀի նման երկրի համար մեծ թիվ է կազմում: Եթե փորձենք հաշվարկել, ըստ բնակչության թվի, ապա յուրաքանչյուր քաղաքացու պետական պարտքը որքա՞ն կկազմի:

– 1500 դոլարից ավելի՝ մեկ շնչի հաշվով, որը բավականին մեծ ցուցանիշ է: Ուղղակիորեն քաղաքացիները չեն վճարում, բայց բյուջեի եկամուտներն են նվազում:

Պարոն Առաքելյան, սա ռիսկային թիվ է, Հայաստանը վարկային միջոցների տոկոսները սպասարկելու հարցում էլ դժվարություններ կունենա: Իսկ այս ամենը հաշվի չե՞ն առնում միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ՀՀին վարկային միջոցներով:

-Հիմնականում ֆինանսավորում են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ զարգացող երկրներին ֆինանսական կազմակերպությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ եւ այլն: Նախկինում եթե ունեինք վարկեր նաեւ այլ պետություններից, ընթացքում նկատելով ռիսկերի մեծացումն՝ այդ պետությունները խուսափում են վարկավորումից, եւ հիմնականում այդ ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված միջոցներն են, որ հատկացվում է:

Եթե նայենք այդ միջոցները զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա դրանք այնքան բարենպաստ պայմաններով են, որ այնտեղ բիզնես նպատակ փնտրելն անհիմն է:

Պատճառը մեկն է՝ քաղաքական դերակատարությունը մեծացնելը: Ինչպես եղավ Ուկրաինայում, կամ էլ Հունաստանում, երբ դժվարություններ առաջացավ պարտքերի սպասարկման հարցով, այդ ժամանակ ավելի բարենպաստ պայմաններ առաջարկեցին՝ դրա փոխարեն կորզելով այլ քաղաքական դիվիդենտներ:

Քրիստինա Մկրտչյան