ՕԾԱՆԵԼԻՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ԳՐԱՍ

Ֆրանսիայի հարավում՝ Կաննից ընդամենը 10 կմ հեռավորության վրա տեղակայված Գրասը գեղատեսիլ քաղաք է, որն արդարացիորեն համարվում է համաշխարհային պարֆյումերիայի մայրաքաղաք։ Անմիջապես Ալպերի լանջին տեղակայված 700-ամյա Գրաս քաղաքի օդն ամբողջ տարին ներծծված է ծաղիկների բույրով՝ վարդ, հասմիկ, նարդոս․․․ Սակայն այս փոքրիկ քաղաքը ծաղիկների ընդարձակ դաշտերից բացի հպարտանալու շատ բան ունի։

1328189167_grasse-2

Միջնադարում Գրասում ծաղկում էր ապրում կաշվի արդյունաբերությունը։ Մեկը մյուսի հետևից քաղաքում բացվում էին ձեռնոցներ կարող արհեստանոցներ։ Ձեռնոցները պատրաստում էին բնական շատ բարակ կաշվից, ընդ որում որոշ տեսակներ այնքան նուրբ էին, որ կարող էին տեղավորվել ընկույզի կեղևի մեջ։ Միակ խնդիրը կաշվի տհաճ հոտն էր։ Բազմաթիվ փորձարկումներից հետո ձեռնոցագործները սովորեցին արտադրանքն անուշահոտ դարձնելու տեխնիկան եթերային յուղերի միջոցով, որոնցով ներծծում էին կաշվե ձեռնոցները։ Ֆրանսիական արքունիքում բուրավետ կաշվե աքսեսուարները սկսեցին մեծ տարածում գտնել այն բանից հետո, երբ Եկատերինա Մեդիչին Գրասից այդ նոր քմահաճույքներն իր հետ բերեց։ Ձեռնոցների տեսականին գնալով ընդլայնվեց՝ զարդարվելով մետաքսով, ժանյակներով, ոսկե թելերով։ 22409769Հաջողությունից ոգեշնչված ձեռնոցագործ-պարֆյումերները սկսեցին վարդ և հասմիկ մշակել, սովորեցին ծաղկաթերթիկներից էքստրակտներ ստանալ, իսկ 1730 թ․-ին Գրասում հիմնադրեցին օծանելիքի արտադրամաս։ Քաղաքում սկսեցին մեկը մյուսի ետևից պարֆյումերիայի արտադրամասեր բացվել, որոնք մինչ օրս օծանելիքի հումք են մատակարարում ինչպես Ֆրանսիային, այնպես էլ նրա մոտ հարևաններին։ Այսօր Գրասը ոչ միայն թողարկում է նրբաճաշակ բույրեր, այլ համարվում է եվրոպական պարֆյումերիայի նորաձևության օրենսդիր։  Գրասում ստեղծված օծանելիքներն անկրկնելի են՝ դրանցում ամփոփված է ծովի թարմությունն ու արևի ջերմությունը, խոտի՝ գլխապտույտ առաջացնող բույրն ու ծաղիկների անուշահոտությունը, խաղողի քաղցրությունը։ Քաղաքը շրջապատող ծաղկի հսկայական դաշտերում աճում են վարդեր, նարդոս, հասմիկ ու մանուշակներ, որոնց բույրը միախառնվում է ցիտրուսային ծառերի և պրովանսի բույսերի՝ խնկածաղկի, հազրեվարդի, սուսամբարի, ծոթրինի թարմությանը։

Մայիսին այստեղ սովորաբար անցկացվում է Վարդերի միջազգային ցուցահանդեսը, օգոստոսին՝ Հասմիկի փառատոնը։

Գրասի պարֆյումերիայի թանգարանները

1328191488_grasse-12

Գրասը հայտնի է օծանելիքին նվիրված բազմաթիվ թանգարաններով։ Այստեղ աշխատում են նշանավոր Ֆրագոնար, Գալիմար ու Մոլինար տոհմերի պարֆյումերային գործարանները․ դրանցից յուրաքանչյուրն ունի սեփական թանգարանը՝ հետաքրքիր էքսպոզիցիաներով։

Ֆրագոնար գործարանի թանգարանը Գրասի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկն է, որի շինությունները հիշեցնում են հնաոճ արհեստանոցներ․ այստեղ օրինակ կարելի է տեսնել, թե ինչպես են օծանելիք պատրաստել երեք հարյուր տարի առաջ։ Չափանոթներ, տարատեսակ սարքավորումներ թորման համար, հոտավետ խոտերի դարակներ, բույրերն իրար խառնելու համար նախատեսված հին սրվակներ․ այս յուրօրինակ վայրում ամեն առարկա իր պատմությունն ունի։ Ցանկության դեպքում թանգարանի այցելուներն անգամ իրենց սեփական օծանելիքը կարող են պատրաստել։

Պարֆյումերիայի միջազգային թանգարանը

Պարֆյումերիայի միջազգային թանգարանը Գրասի այցեքարտն է։ грасс2Հսկայական քանակությամբ սրվակներ, տարաներ, օծանելիքի ամենազարմանալի տուփեր, հատուկ սարքավորումներ, որոնց վրա տեղադրված կոճակները սեղմելիս կարելի է «լսել» ամենատարբեր բույրեր։ Այստեղ հնարավոր է իմանալ ամեն ինչ օծանելիքի ստեղծման վերաբերյալ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Մեծ հաճույք կբարգևի զբոսանքը թանգարանի բակում ծաղկող այգում։ Քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի պարֆյումերիայի կրպակներ ու փոքրիկ խանութներ են , որտեղ կարելի է օճառ, օծանելիք, եթերային յուղեր, չորացրած նարդոս, համեմունքներ և այլ բուրավետ նյութեր գնել։

Գրասի նեղլիկ փողոցներում հատկապես կանայք երբեք չեն կորչի, սակայն ժամանակը նրանց համար շատ աննկատ կանցնի՝ թողնելով անջնջելի հիշողություն և մշտապես իր մոտ կանչող արբեցնող մի բույր։