ՍԱՊՈ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՑ՝ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ՕՃԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Պատմական բազմաթիվ փաստեր վկայում են, որ մարդկությունն օճառ սկսել է օգտագործել անհիշելի ժամանակներից․ օճառի տարիքը բավականին պատկառելի է՝ ամենաքիչը 6000 տարի։ Սակայն այն հարցի շուրջ, թե որտեղ և ինչպես է ստեղծվել մեր կենցաղի այս անփոխարինելի պարագան, դեռևս շարունակում են վիճել պատմաբաններն ու հնէաբանները։
Հին հույները մաքրում էին մարմինն ավազի միջոցով։ Հին եգիպտացիները լվացվում էին հատուկ մածուկով, որը ստանում էին ջրում լուծված մեղրամոմից։
Բավականին երկար ժամանակ վերոնշյալ նպատակին էր ծառայում փայտի այրումից ստացված մոխիրը։
Օճառի հայտնագործման պատիվը վերագրվում է միանգամից մի քանի հնագույն ժողովուրդների․ հռոմեացի գիտնական և քաղաքական գործիչ Պլինիոս Ավագը հաստատում էր, որ օճառը հայտնագործվել է ոչ թե բարձր քաղաքակրթություն կրող հին եգիպտացիների կամ հույների կողմից, այլ վայրի կելտական ցեղերի (հռոմեացիները նրանց գալլեր են անվանում) կողմից։ Պատմաբանի վկայությամբ՝ գալլերը ճարպից և հաճարենու մոխրից ինչ-որ հրաշագործ խառնուրդ էին ստանում, որն օգտագործում էին մազերը մաքրելու և ներկելու համար, ինչպես նաև մաշկային հիվանդությունների բուժման նպատակով։ Իսկ ներկող, կարմիր գույն հաղորդող ազդեցությունը ստացվում էր կավից։ Նրանք իրենց երկար վարսերին քսում էին բուսայուղ, որին ներկ էր ավելացված։ Եթե այդ խառնուրդին ջուր էր ավելացվում, ապա խիտ փրփուր էր ստացվում, որը հիանալիորեն մաքրում էր մազերը։
II հարյուրամյակում այդ քսուկը սկսեցին գործածել ձեռքերի, դեմքի, մարմնի մաքրման նպատակով։ Հին հռոմեացիներն այդ քսուկին ավելացնում էին ջրիմուռներից ստացված մոխիրը և ստացվում էր իսկական որակյալ օճառ։
Վերջերս հայտնաբերվել է օճառաստեղծման ևս մեկ հնագույն վկայություն։ Մ․թ․ա․ 2500 թ-ին թվագրված շումերական կավե արձանագրությունը հուշում է՝ այդ ժամանակ օճառ ստանում էին փայտի մոխրի և ջրի միջոցով․ այս խառնուրդը եռացնում էին, ապա դրա մեջ ճարպ հալեցնում՝ ստանալով օճառի լուծույթ։
Գիտնականների մեկ այլ վարկածը պնդում է՝ այնուամենայնիվ օճառի ստեղծման փառքը հին հռոմեացիներինն է։ Լեգենդի համաձայն՝ հենց օճառի անգլերեն անվանումը՝ soap, առաջացել է Սապո լեռան անվանումից, որտեղ աստվածներին պարբերաբար զոհաբերություններ էին մատուցվում։ Զոհաբերված կենդանիների հալված ճարպի և փայտի մոխրի խառնուրդն անձրևը լվանում հասցնում էր Տիգրիս գետի կավաշատ ափերին։ Կանայք, ովքեր այնտեղ սպիտակեղեն էին լվանում, նկատել էին, որ այդ խառնուրդի շնորհիվ հագուստը նշանակալիորեն ավելի հեշտ է լվացվում։ Այդպես սկսեցին օգտագործել “աստվածների այդ պարգևը” ոչ միայն սպիտակեղենի, այլև ողջ մարմնի մաքրման համար։ Ի դեպ, առաջին օճառի “արտադրամասերը” հնէաբանների կողմից հենց Հին Հռոմում են հայտնաբերվել, ավելի ճիշտ՝ նշանավոր Պոմպեի ավերակներում։
(Շարունակելի․․․ )