«ՄԻ ՔԱՆԻ ԿԱԹԻԼ ՇԱՆԵԼ Nº 5»

Ամենահայտնի օծանելիքի մասին տրվող հարցին գրեթե ցանկացած կին թերևս կպատասխանի՝ «Իհարկե, Շանել Nº 5», և հավանաբար ամեն երկրորդ կին կպատմի օծանելիքի անվան հետ կապված պատմությունը։ «Մադմուազել Շանելին մի քանի բույր է առաջարկվել, որոնցից նա ընտրել է հինգերորդը»։ Սակայն քչերը գիտեն, որ հռչակավոր օծանելիքի հեղինակը հանճարեղ պարֆյումեր և բացառիկ գեղեցիկ տղամարդ էր՝ Էռնեստ Բոն։ Էռնեստի նախապապը՝ Ժան Ժոզեֆ Բոն, ով ծառայում էր Նապոլեոնի բանակում,  1812 թ․-ին հայտնի հանգամանքների բերումով հայտնվում է Ռուսաստանում և պատերազմի ավարտվելուն պես որոշում  հիմնավորվել այդտեղ։ Նրա որդիները կոմերցիոն գործունեություն են ծավալում,  իսկ թոռը՝ Էդուարդը, դառնում է պարֆյումեր՝ սկսելով  աշխատել  ռուսական պարֆյումերային խոշորագույն տուն համարվող «Альфонс Ралле и К» ընկերությունում, որը կայսերական տան պաշտոնական  մատակարարն էր։ Հենց նրա ընտանիքում 1881 թ․-ի դեկտեմբերի 8-ին ծնվում է Էռնեստ Բոն, և կարծես հենց պարֆյումերի ընտանիքում ծնված լինելու փաստն էլ կանխորոշում է նրա ապագա մասնագիտությունը։

785a0b297f9a004489f973416b39ea3eԳիմնազիան ավարտելուն պես՝ արդեն 16 տարեկանում հայրն էռնեստին ուղարկում է Փարիզ՝ վերապատրաստման, ուր նա աշխատում է մինչ 1900 թ․-ը օճառ արտադրող ֆաբրիկայում։ Եվս երկու տարի նա պարտադիր զինծառայության է անցնում ֆրանսիական բանակում և  1902 թ․-ին վերադառնում է Մոսկվա։ Այստեղ էլ նա սկսում է յուրացնել պարֆյումերիայի նրբությունները՝ սովորելով «Альфонс Ралле и К» ընկերությունում։  Արդեն 1907 թ․-ին ավարտելով կրթությունը՝ Էռնեստ Բոն զբաղեցնում է ավագ պարֆյումերի պաշտոնը․ երիտասարդը հիանալի «քիթ» ուներ՝ խիստ անհրաժեշտ առավելություն պարֆյումերի համար։ Ընդամենը 5 տարի անց՝ 1912-թ․-ին՝ նապոլեոնյան արշավի հարյուրամյա տարելիցին, Էռնեստ Բոին խոշորագույն հաջողություն է բաժին ընկնում․ լինելով Նապոլեոնի երկրպագուն՝ ֆրանսիացի կայսրի պատվին ստեղծում է Bouquet de Napoleon օդեկոլոնը․ հայտնի է՝ Նապոլեոնն օդեկոլոնի մեծ սիրահար էր։  Ընդամենը 2 տարի անց՝ 1914 թ․-ին մեկնարկում է համաշխարհային պատերազմը, և երիտասարդ պարֆյումերն, անկախ իր խաղաղասեր մասնագիտությունից, ֆրանսիական բանակի կազմում մեկնում է պատերազմ՝ այնտեղ աչքի ընկնելով որպես արժանի մարտիկ։ Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր համաշխարհային պարֆյումերիայի պատմության ընթացքը, եթե նա չվերադառնար մարտի դաշտից, սակայն նա կարողացավ ողջ մնալ, ավելին՝ հասցրեց անգամ մասնակից դառնալ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1919 թ․-ին Էռնեստ Բոն վերջնականապես վերադառնում է իր պատմական հայրենիք՝ այստեղ բարձր գնահատանքի արժանանալով․ «զգայուն քիթը» Ֆրանսիայում միշտ էլ բարձր է գնահատվել։ Այդ ժամանակներում՝ 20-րդ դարի 20 –ական թթ․ պարֆյումերիայի աշխարհը մեծ փոփոխություններ էր կրում․ բնական թանկարժեք յուղերին փոխարինելու էին գալիս դրանց արհեստական տարբերակները․  այս նորարարության մեջ առաջինը Ֆրանսուա Կոտին էր։ Էռնեստ Բոն նոր ուղղվածության ջերմ երկրպագուն է դառնում, ավելին, նա կարծում է, որ արհեստական բույրը ոչ մի դեպքում չպետք է կուրորեն նմանվի բնականին, այլ պարունակի ավելի բարդ, յուրահատուկ, հետաքրքիր փունջ։

CocoChanel3Հենց այդ ժամանակամիջոցում էլ Գաբրիել Շանելը մտադրվում է ստեղծել իր մոդելների ոճին համապատասխան սեփական օծանելիքը։ Նրանք հանդիպում են 1920 թ․-ին, գուցե  միայն նրա համար, որ չափազանց հարկավոր էին մեկմեկու․․․

Գաբրիելին պարզ է դառնում, որ այդ ընթացքում Էռնեստ Բոն աշխատանք էր տանում ալդեհիդների հետ կապված՝ այդ սինթետիկ նյութերը բավականին արդյունավետ էին, բայց  և ոչ դիմացկուն ու թանկարժեք։ Դրա համար էլ մինչ այդ դրանք ոչ ոք չէր օգտագործել։ Սակայն պարֆյումերը կարծում էր, որ ի զորու է խնդրին լուծում գտնելու։ Բոն  Շանելի հետ պայմանավորվում է մի քանի տարբերակներ ներկայացնելու վերաբերյալ։ 1921 թ․-ի ընթացքում քիմիկոսը պատրաստում է օրինակների 2 հավաքածու՝ 1-ից մինչև 5-ը և 20-ից 24-ը համարների ներքո։ Նա իր նրբին համադրություններում օգտագործել էր 18-ից ոչ պակաս բաղադրամասեր, որոնց մեջ մեծ քանակություն էին կազմում հասմիկն ու ալդեհիդները։ Իր խոսքով՝ նա բացահայտել էր բացառիկ թարմության բույրը, որը շնչել էր հյուսիսային երկրներում գտնված ժամանակ։
Գաբրիելը թեև չէր կարող խորանալ քիմիայի նրբությունների մեջ, սակայն մշտապես լավագույնն ընտրելու իր բնածին տաղանդի շնորհիվ այս անգամ էլ չի սխալվում։

Ասում են, թե իբր Կոկոն վստահեցնում էր՝ երբ ծաղիկներ է ստանում,  զգում է այն ձեռքերի բույրը, որոնք քաղել են այդ ծաղիկները։ Արդյունքում նա ընտրում է № 22-ը, որը վաճառքի էր հանվելու մի քան ամիս անց,  և շատ ավելի վաղ ճանաչում է ձեռք բերում  № 5-ը՝ նախատեսված 1921 թ․-ի մայիսի 5-ին նոր հավաքածուի ցուցադրման ժամանակ ներկայացվելու համար։

gl_N┬░5_Extrait_black_
«Շանել № 5-ի» հաղթարշավը քաջ հայտնի է բոլորին, սակայն ինչպե՞ս է այն բացատրվում։ Ակնհայտ է, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել դրա որակն ու նորություն լինելու փաստը։ Այդ օծանելիքի բույրը հնարավոր չէ նույնականացնել ծաղկային ծանոթ որևէ բույրի կամ բույրերի համադրության հետ։ Այն կարծես ստեղծված լինի ոչնչից, սակայն դրանից  չի կորցնում իր հմայքն ու ձգողականությունը։ Այն իրավամբ հեղափոխական օծանելիք էր․ սակայն հեղափոխական էր ոչ միայն օծանելիքը, այլ նաև դրա «շնորհանդեսը»։ Մինչ այդ արտադրողները, որոնց շրջանում առավել հայտնի էր «Լալիք» հախճապակու գործարանը, օծանելիքի սրվակներ պատրաստելիս դիմում էին իրենց երևակայության ողջ ուժին՝ արդյունքում ստանալով պերճաշուք, շքեղագույն օրինակներ, որոնց սիրահարներն, ի դեպ, այսօր էլ փոքր թիվ չեն կազմում, օրինակ՝ Ժորժ Ֆեդոյի հավաքածուն ներառում է այդպիսի սրվակների 300-ից ավելի օրինակ։

Սակայն Կոկո Շանելը չէր կարող դեմ չգնալ այդ ճոխությանը՝ ընտրելով պարզ ու լակոնիկ մի սրվակ, որը թույլ էր տալիս հմայվել իր մեջ պարունակվող ոսկեգույն հեղուկով։ Իհարկե, չի կարելի անտեսել նաև այդ ժամանակներում գերակշռող կուբիզմի ազդեցությունը, երբ նորաձություն էին մուտք գործել քառակուսիներն ու ուղղանկյունները։

Մեկ այլ հարց էր օծանելիքի անվան ընտրությունը։ Սովորաբար մինչ այդ օծանելիքներին տրվում էին պոետիկ, հուզական անվանումներ՝ «Ապրիլի ժպիտը», «Արքայական ցանկություն», «Երեկոյան արբեցում» և այլն․․․ Այդ ամենն ընդամենը Շանելի հեգնական ժպիտը կարող էր հարուցել․․․ Սակայն այդ հարցը մադմուազելին երկար չի հուզում․ քանի որ իր անունն ու նորաձության տունը սկսել են վայելել մեծ ճանաչում, ապա մի՞թե ավելի լավ չի լինի հենց այդպես էլ անվանել օծանելիքը՝ «Շանել»․․․ Իհարկե, դժվար է թերագնահատել Գաբրիելի կոմերցիոն հոտառությունը․․․

Ընտրելով 5-րդ սրվակը՝ նա իր առաջին օծանելիքն անվանում է «Շանել № 5»։
— Բայց չէ՞ որ ոչ ոք այդպես չի արել,- փնթփնթում է Էռնեստ Բոն՝ ապշած նմանօրինակ համարձակությունից։
— Բանն էլ հենց դրանում է․ այդպիսով իմ օծանելիքը կտարբերվի բոլորից․․․

Հ․Գ․ «Մի քանի կաթիլ Շանել Nº 5» ․ այդպես է պատասխանել Մերիլին Մոնրոն հետաքրքրասեր լրագրողի այն հարցին, թե ինչ է հագնում նա՝ քնելուց առաջ։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան