ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) համաշխարհային տնտեսության աճի նվազում է կանխատեսում՝ բարձրացնելով այդ ցուցիչը ԱՄՆ-ի համար, սակայն նվազեցնելով՝ զարգացող երկրների համար, գրում է kommersant.ru-ն:

Կանխատեսումների ճշգրտման հիմնական պատճառը Չինաստանի տնտեսության շարժի դանդաղումն է: Համաշխարհային տնտեսության աճը 2015թ.-ին կնվազի մինչեւ 3% մեկ տարում՝ նախկին 3,3%-ի դիմաց, ինչը նշանակում է, որ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպերը կկրճատվեն արդեն հինգերորդ տարին անընդմեջ։

Դեռ հունիսին ՏՀԶԿ կանխատեսումը մի փոքր ավելի լավատեսական էր. կազմակերպությունում սպասում էին համաշխարհային ՀՆԱ-ի աճ 3,1%-ով։

Չինաստանում ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են դանդաղել մինչեւ 6,7%, ինչը ցածր է պաշտոնական ուղենիշից 7%-ով (2016-ին՝ 6,5%): Չինական արգելակումն առաջին հերթին կհարվածի այդ երկրի խոշոր առեւտրային գործընկերոջը, ինչպես նաեւ հումքի մատակարար երկրներին (դրանց համաշխարհային ցածր գների պատճառով)։

Ռուսաստանի ՀՆԱ-ի համար բացասական ազդեցությունը կարող է կազմել ՀՆԱ-ի 0,25%-ը, 2017-ին՝ մոտ 0,5%։ Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսում ՏՀԶԿ-ն չի տալիս՝ նշելով միայն, որ Ռուսաստանի եւ Բրազիլիայի տնտեսությունները կարող են վերադառնալ թույլ աճի 2016 թվականին, եթե հումքի գները դադարեն նվազել։ Խոշոր տնտեսություններից ամենաարագ զարգացողն առաջիկա երկու տարիների ընթացքում կլինի Հնդկաստանինը՝ նավթի ցածր գների հիմնական շահառուներից մեկը (7,2-7,3% աճ 2015-2016 թթ)։

Առեւտրի շրջանառության դանդաղելու հետ ՏՀԶԿ կարեւորում է փոխառությունների թանկացումը զարգացող տնտեսությունների համար։ 1997-98 թվականների ճգնաժամի համեմատ ներկայիս իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն հաշվի առնելով պարտքի աճը՝ ակտիվների արժեքի հետագա անկումը սպառնում է ֆինանսական դժվարություններով զարգացող երկրների շատ վարկառուների համար:

«Քննարկելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի փոխարժեքի հնարավոր բարձրացումը՝ ՏՀԶԿ-ում հայտարարում են, որ դա անհրաժեշտ է։ Որպեսզի չհրահրվի ֆինանսական անկայունության ալիք»,- նկատում է կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կատերին Մաննը։

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան