․․․ԻՍԿ ԿՈԿՈ ՇԱՆԵԼԸ ՄԻԱԿՆ Է

Գաղափարները, որոնք այս կինը կյանքի կոչեց 20-րդ դարի սկզբին, իրավամբ հեղափոխական էին․ նա ազատեց կանանց ճնշող սեղմիրաններից, երկար, ուռուցիկ շրջազգեստներից, էքստրավագանտ գլխարկներից, փոթերի, ժապավենների, կապերի, նախշերի գլխապտույտ բազմազանությունից։ Պարզ, հստակ եզրագծերը, որոնք ընդգծում էին կառուցվածքի առավելություններն ու քողարկում թերությունները, փոխարինելու եկան աչք ծակող ճոխությանը։ Կարծես թե կանայք հանգիստ շունչ քաշեցին՝ հիացմունքով ընդունելով Շանելի հանճարեղ փիլիսոփայությունը՝ հիանալի տեսք ունենալու համար պարտադիր չէ երիտասարդ ու գեղեցիկ լինել։ Շանելի նորաձևությունը չի ենթարկվում ժամանակի օրենքներին, նրա բոլոր իրերը՝ պարզ ու հարմար, միաժամանակ ոճային ու էլեգանտ, մշտապես նորաձև են՝ անկախ քմահաճ նորաձևության ամենամյա փոփոխություններից։

Գաբրիել Բոնյոր Շանելը ծնվել է 1883 թ․-ի օգոստոսի 19-ին Ֆրանսիայի Սոմյուր քաղաքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն այնքան էլ հեշտ չեն անցել, իսկ արդեն 12 տարեկանում՝ մոր մահից և հոր կողմից լքվելուց հետո Գաբրիելը հայտնվել է կաթոլիկ միաբանությունում, այնուհետև՝ մանկատանը։ Երկար տարիներ ստիպված լինելով համազգեստ կրել՝ նա երազում էր աշխարհի բոլոր կանանց իր նման հագցնել, ինչն էլ հետագայում նրա մոտ հիանալիորեն է ստացվելու։ 18 տարեկանում դուրս գալով մանկատնից՝ Գաբրիելը երեկոներն աշխատել է սրճարանում՝ որպես երգչուհի։ Իր ելույթների համար ինքն էր հորինում ու կարում գլխարկներ ու հագուստ և հաճախ զվարճացնում պանդոկի հաճախորդներին «Կո-կո-ռի-կո» և «Կոկո-Տռոկադեռո» երգերով՝ այդպիսով ստանալով Կոկո մականունը։

shanel

Երգարվեստի ոլորտում Կոկոյին մեծ հաջողություններ վիճակված չէին, սակայն ծանոթությունը մի քանի կայացած տղամարդու հետ ապահովված էր։ Գաբրիելը, ծանոթանալով գործարար Էտյեն Բալզանի հետ, նրա հետ տեղավորվում է Փարիզի  արվարձան Վիշիում։ Նախընտրելով տարբերվել տեղի կանացից՝ Կոկոն կրում էր խիստ կոստյումներ ու վերնաշապիկներ՝ համադրելով դրանք հետաքրքիր գլխարկների հետ, ընդ որում՝ նա անվարան կարող էր օգտվել հենց Բալզանի զգեստապահարանից, իսկ դա այդ ժամանակների համար չլսված բան էր։ Բալզանի օգնությամբ նա բացում է գլխարկների իր խանութը, որը շուտով մեծ հաջողություն է ունենում։ Դառնալով ավել ինքնավստահ՝ Շանելը հեռանում է Բալզանից՝ սկսելով ինքնուրույն ապրել։ Փարիզյան բոհեմական միջավայրը հիանալի հնարավորություններ էր ընձեռում Կոկոյին իր ծանոթների շրջանակն ընդլայնելու և ստեղծագործական գաղափարներով հարստանալու, դրանք իրացնելու համար։ Հենց այսպես է Կոկոն ծանոթանում հանճարեղ Պիկասոյի, բալետի ոլորտի կազմակերպիչ Սերգեյ Դյագիլեւի, կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու, դրամատուրգ Ժան Կոկտոյի հետ։ Շատերը հայտնի մոդելավորողի ընկերակցությունն էին փնտրում զուտ հետաքրքրությունից դրդված, իսկ հետո հաճելիորեն զարմանում նրա սուր ու հետաքրքիր մտածելակերպից։ Պիկասոն ինքը Շանելին անվանում էր «աշխարհի ամենալրջախոհ կինը»։

Տղամարդկանց գրավում էր ոչ միայն արտաքինը, այլև յուրատիպությունը, ուժեղ բնավորությունն ու անկանխատեսելիությունը․ Կոկոն մեկ սեթևեթում էր, մեկ էլ չափազանց ուղղագիծ, կտրուկ, երբեմն էլ ցինիկ էր։ Պատերազմի դաժան տարիներին, երբ փարիզյան գեղուհիները զրկվում են ջայլամի փետուրներից ու դիպակե զգեստներից, Կոկոն նրանց պարզ վերնաշապիկներ և ուղիղ, մինչև ծնկները հասնող շրջազգեստներ է առաջարկում։ Փարիզուհիները հիացմունքով են ընդունում շանելյան էլեգանտ պարզությունը։ Մարմինը հիանալիորեն գրկող կոստյում, փոքրիկ սեթևեթող գլխարկ ու բարձրակրունկներ՝ սա էլեգանտ, ինքնավստահ կնոջ կերպարն է, որը դուրս է տարիքային սահմաններից։ Միայն մի փոքրիկ, անտեսանելի, բայց իր անջնջելի հետքը թողնող շտրիխն էր պակասում՝ օծանելիքի մի քանի կաթիլը, որը կստիպեր դեռ երկար զգալ կնոջ ներկայությունը, անգամ եթե նա վաղուց դուրս էր եկել սենյակից։

5

Հենց այդ ժամանակ Շանելը որոշում է ստեղծել օծանելիք, որ ոչ թե ծաղիկների, այլ կնոջ բույր պետք է ունենար։ Այսպես ստեղծվում է ամենահայտնի և մինչ օրս ամենաշատ վաճառվող օծանելիքներից մեկը՝ «Շանել N 5»-ը։ Լինելով փարիզյան նորաձևության օրենսդիրը՝ Շանելը ևս մի քանի հեղափոխական գաղափար է կյանքի կոչում՝ կլետ-տաբատը, կարճ սանրվածքն ու իր նշանավոր «փոքրիկ սև զգեստը», որն անցյալում փարիզյան վաճառողուհիների համազգեստն էր, և առանց որի այսօր դժվար է պատկերացնել իրեն հարգող էլեգանտ կնոջ զգեստապահարանը։ Եվ ահա 30-ական թթ․ գտնվելով փառքի բարձրակետում՝ Շանելն անսպասելիորեն փակում է իր բուտիկները՝ տեղափոխվելով Շվեյցարիա։ Այդ քայլը բացատրվում էր մի շարք վարկածներով՝ մեկ այլ մոդելավորողի՝ Էլզա Սկյապարելլիի հետ հոգեմաշ տասնամյա մրցակցությունը, հիասթափությունն աշխատանքից, կամ գուցե սպասվող Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսպես թե այնպես կամավոր «աքսորի» տարիները նշանավոր կուտյուրիեի կյանքի ամենատխուր տարիներն էին։

Ետպատերազմյան տարիներին հայտնվում է ևս մեկ մրցակից՝ Քրիստիան Դիորը, ով կանանց դարձնում է ծաղիկների նման՝ հագցնելով նրանց կրինոլին, ընդգծելով իրանն ու կոնքերի շուրջ մի քանի ծալեր տալով։ Շանելի մոտ այդ «հիպերկանացիությունը» կարող էր միայն ծիծաղ առաջացնել։

1954 թ․-ին՝ 70 տարեկան հասակում նա կրկին շռնդալից կերպով վերադառնում է նորաձևության աշխարհ․ «Ես այլևս չէի կարող տեսնել, թե ինչ են անում փարիզյան կուտյուրի հետ Դիորը կամ Բալմենը»,- այսպես է բացատրում նա իր վերադարձը։ Շանելի նոր հավաքածուի մասին քննադատների ու մամուլի արձագանքը շոկն ու զայրույթն էր՝  նա չէր առաջարկում ոչ մի նոր բան։ Ցավոք, քննադատները չէին հասկանում, որ հենց դրանում էլ կայանում է շանելյան առեղծվածը․ ոչ մի նոր բան՝ միայն հավերժ, չծերացող էլեգանտություն։ Այնուամենայնիվ մեկ տարի անց նորաձև կանանց նոր սերնդի համար պատիվ էր «Շանել» կրելը, իսկ հավերժ մադմուազել Կոկոն համաշխարհային նորաձևության ամենախոշոր տան տիրուհին էր։

coco

Օրերից մի օր, երբ Վեստմինստերյան դուքսը խնդրել է նրա ձեռքը, Կոկոն՝ իրեն բնորոշ ուղղախոսությամբ ու հեգնանքով պատասխանել է․ «Աշխարհը լի է դքսուհիներով, իսկ Կոկո Շանելը միակն է»․ թեև նրա կյանքը հարուստ էր բուռն իրադարձություններով ու սիրավեպերով, այնուամենայնիվ աշխատանքն էր նրա կյանքի իմաստը։ Մինչև խոր ծերություն Շանելը պահպանում է անթերի էլեգանտությունն ու աշխատասիրությունը՝ կյանքից հեռանալով 1971թ․-ին՝ 88 տարեկանում Փարիզի «Ռից» հյուրանոցի իր լյուքս համարում։ Նրա կայսրության եկամուտները տարեկան 160 միլիոն դոլար էին կազմում, իսկ նրա զգեստապահարանում ընդամենը 3 զգեստ կար, սակայն «շատ ոճային զգեստ», ինչպես կասեր հավերժ մադմուազել Կոկոն։