ՕՃԱՌՆ ՈՒ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ

siene_04_zps2fca5fe9

Առաջին հայացքից թվում է, թե ինչ ընդհանուր բան կարող է լինել օճառի և Էյֆելյան աշտարակի միջև։ Սակայն իրականում ընդհանրություն կա, այն էլ՝ անմիջական․ Էյֆելյան աշտարակի առաջին հարկում  փորագրված են 18-19-րդ դդ. ֆրանսիացի երևելի 72 գիտնականների և ինժեներների անունները․ այդ ցուցակում 14-րդ տեղը զբաղեցնում է Միշել Էժեն Շևրոյի անունը՝ այն մարդու, ով սահմանել է օճառիքիմիական բանաձևը՝ այդպիսով օճառարտադրությունը դնելով նոր հիմքերի վրա։ Սակայն Շևրոյի վաստակը դրանով չի սահմանափակվում․ նա իրավամբ անուրանալի ներդրում ունի ինչպես գիտության զարգացման, այնպես էլ արվեստի մեջ։

chevreul1Միշել Էժեն Շևրոն ծնվել է 1786 թ․-ին` Ֆրանսիական մեծ հեղափոխությունից 3 տարի առաջ։ Ապրելով մեկ հարյուրամյակ և երեք տարի՝ հասցրել է նաև մասնակիցը լինել նշանավոր աշտարակի կառուցմանը 1889 թ․-ին։ Ասում են՝ նրա մահվան պատճառը հարբուխն է եղել․ գիտնականը հիվանդացել է կառուցվող աշտարակին հետևելիս․.. և դա իր կյանքի 103-րդ տարում։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է․ Շևրոյի առաջին աշխատանքները նվիրված էին նախնադարյան դինոզավրերի ոսկորների ուսումնասիրմանը, այնուհետև նա սկսում է զբաղվել մարդու մազերի հետազոտությամբ, օճառի բանաձևի սահմանմամբ, ճարպաթթուների ուսումնասիրմամբ, որին հաջորդում են բնական ներկանյութերին նվիրված աշխատանքները․ գույների և գունային հակադրությունների տեսության վերաբերյալ նրա հիմնարար աշխատությունները արմատապես փոխեցին եվրոպական գեղանկարչության բնույթը՝ որոշիչ ազդեցություն գործելով իմպրեսիոնիզմի զարգացման վրա։ Շևրոյի անվան հետ են կապվում գույների ռացիոնալ դասակարգման առաջին փորձերը։
Շևրոն իրավամբ համարվում է օրգանական քիմիայի գիտական վերլուծության մեթոդի մշակողներից մեկը․ այս ոլորտում նրա բացահայտումների ցուցակը բավականին տպավորիչ է․ նա կենդանական հյուսվածքներից խոլեստերին է ստացել, առանձնացրել դիաբետիկների մեզի մեջ պարունակվող շաքարը՝ ապացուցելով դրա նույնականությունը խաղողի մեջ պարունակվող շաքարի հետ, նրան հաջողվել է բույսերից ստանալ բնական ներկանյութեր՝ հեմատոքսիլին, կվերցիտրին, մորին, լուտեոլին, մսի մզվածքից՝ կրեատին։

1809թ․-ին նպատակադրվելով սահմանել օճառի բաղադրությունը՝ Շևրոն այն մշակում է թթվով՝ այդ ռեակցիայի արդյունքում ստանալով նյութ, որն այժմ անվանում են ճարպային կամ բարձրագույն կարբոնաթթուներ, այդպիսով բացահայտելով օճառի քիմիական բաղադրությունը՝ որպես բարձրագույն կարբոնաթթուների (ածխածնային շղթայում 12-18 ածխածնի ատոմ պարունակող)՝ ճարպաթթուների աղեր։ Այսպիսով նա գիտական մեկնաբանություն է տալիս ճարպերի օճառացման գործընթացին, որը մարդիկ օճառ ստանալու նպատակով կիրառել են անհիշելի ժամանակներից՝ չպատկերացնելով անգամ այդ երևույթի քիմիական բնույթը։
Բնականաբար այդ հետազոտությունը նորանոր հնարավորություններ է բացահայտում օճառարտադրության տեխնոլոգիաների, հումքային բազայի և սարքավորումների կատարելագործման համար։ 1811 թ․-ին քիմիկոսը սկսում է պարբերաբար ուսումնասիրել բնական ճարպերն ու երկու տարի անց կրկին բացահայտում շվեդ քիմիկոս Շեելեի կողմից նկարագրված «ճարպերի քաղցր սկիզբը»՝ անվանելով այդ նյութը գլիցերին (հուն. Glykeros՝ քաղցր)։ Շևրոն բարդ ուսումնասիրությունների արդյունքում կարողանում է ստանալ մաքուր տեսքով 8 ճարպաթթու, այդ թվում՝ ստեարինաթթու, օլեինաթթու, պալմիտինաթթու։ Իր բազմաթիվ հետազոտությունների արդյունքները քիմիկոսը շարադրել է 1823 թ․-ին տպագրված «Կենդանական ծագման ճարպերի քիմիական հետազոտությունը» մենագրության 6 հատորներում։
Շևրոյի աշխատությունները օճառարտադրության ոլորտի կտրուկ բարելավմանը նպաստելուց բացի դարձան ստեարինային մոմերի արտադրության համար մեծ խթան․ ի տարբերություն ճարպերից ստացված մոմերի, ստեարինային մոմերը այրվելիս տհաճ հոտ չէին արձակում և վառ լուսավորություն էին տալիս։
1824 թ․-ի սեպտեմբերին Շևրոն Փարիզի Գոբելենի արտադրամասում հետազոտական լաբորատորիա կազմակերպելու առաջարկ է ստանում, այստեղ էլ նա բախվում է գույների նույնականացման խնդրին՝ ջուլհակները դժվարությամբ էին տարբերակում գույների նրբերանգները։ Մինչդեռ տեքստիլի բարձր որակի ապահովման համար պահանջվում էր գույների ու երանգների ճշգրիտ տարբերակում, այսինքն՝ գունային ստանդարտների մշակման անհրաժեշտությունը դառնում է հրատապ։
image057Մի քանի տարվա աշխատանքներից հետո Շևրոն 72 մասից բաղկացած քրոմատիկ շրջան է ստեղծում, որի սկզբունքը կիրառվում է մինչ օրս։ Գույների ոլորտում Շևրոյի ուսումնասիրությունները դրականորեն անդրադարձան ոչ միայն տեքստիլի որակի, այլև տպագրության գործի վրա․ Շևրոյի տեխնոլոգիան սկսվեց կիրառվել գրքերի և քարտեզների տպագրության ժամանակ։ Բացի այդ, կարելի է վստահաբար պնդել, որ աշխարհում դեռ ոչ մի գիտնական այդքան մեծ ազդեցություն չի գործել արվեստի, մասնավորապես իմպրեսիոնիզմի,պոստիմպրեսիոնիզմի և կուբիզմի զարգացման վրա, որքան Միշել Էժեն Շևրոն՝ գունային ներդաշնակության ու հակասությունների վերաբերյալ իր փայլուն աշխատանքի շնորհիվ։
1886 թ․-ի օգոստոսի 31-ին՝ Շևրոյի 100-ամյակի օրը, Փարիզում հավաքվել էր ավելի քան 2000 մարդ աշխարհի տարբեր երկրներից․ մեծ քիմիկոսի հոբելյանը մի քանի օր շարունակ նշվում էր որպես ազգային տոն։ Հոբելյարի պատվին ոսկե մեդալ է հատվում, շատ երկրների ղեկավարներ շտապում են իրենց շնորհավորանքները հղել։ Իր հարյուրամյակին նվիրված հանդիսավոր ընթրիքին Միշել Շևրոն վալս էր պարում ներկա կանանցից ամենաերիտասարդի հետ․․․ Իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ նա այնքան սիրում էր կյանքը․․․