ՓԱԿՎԵԼ Է 18.000 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ. ԵԹԵ ԳՆՈՐԴԸ ՎԵՐԱՆԱՅԻ ՀՈՍԱՆՔԻ ԳԻՆԸ, ԴԱ ԷԱԿԱՆ ԽԹԱՆ ԿԼԻՆԻ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

805264

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է, որ եթե ՀԷՑ-ի վաճառքից հետո գնորդ կազմակերպությունը վերանայի էլեկտրաէներգիայի սակագինը եւ գինը նվազի, ապա ՀՀ տնտեսության ոլորտում էական տեղաշարժ կգրանցվի դրական իմաստով, քանի որ ՀՀ գործատուների միության ուսումնասիրության արդյունքում հոսանքի գնի թանկացումը ՓՄՁ ոլորտում ճգնաժամի էր հանգեցնելու, եւ եթե հոսանքի գինը բարձրանա, հազարավոր ձեռնարկություններ կդադարեն գործելուց:

Հիշեցնենք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս համոզմունք էր հայտնել, որ նոր գնորդը չի վերանայի սահմանված սակագինը, ինչը նշանակում է, որ հոսանքի գինը չի իջնի:

Գագիկ Մակարյան
Գագիկ Մակարյան

Գագիկ Մակարյանն, անդրադառնալով նախարարի այս պնդմանը, ասաց. «Անհասկանալի է՝ նախարարին որտեղից այդ համոզմունքը, որ հոսանքի գինը չի իջնի. ինքը գնորդը չէ, եւ այդպես կարող էր խոսել միայն գնորդը, ով հաստատ գիտի, որ գինը չի փոխելու: Եվ եթե ինքը գնորդների ցուցակում չկա, ապա հետաքրքիր է՝ ինչպես է որոշում, որ գինը կարող է չվերանայվի: Միգուցե գնորդը կարող է բարի կամք դրսեւորել, կարող է եւ ելնելով քաղաքական, տնտեսական հանգամանքներից՝ այլ գին առաջարկել, եւ հանձնաժողովն իրավունք չունի չքննարկելու նրա առաջարկը: Եվ եթե դա հիմնավոր լինի, հանձնաժողովն էլ պետք է ընդունի»:

Ըստ Մակարյանի՝ գնի իջեցումը թույլ կտա շատ հոսանք սպառել, ավելի ճոխ ապրել ու գործել, ինչն էլ կարող է եւ գնորդ կազմակերպության համար ավելի էֆեկտիվ լինել՝ վաճառելով համեմատաբար էժան եւ մեծ ծավալի ապրանք:

«Սակայն մի տրամաբանություն ենք տեսնում, թե իբրեւ ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթուղթն այնքան հիմնավորված է, որ եթե ուրիշն էլ գա եւ հանկարծ ուրիշ գին հիմնավորի, կարող է հանձնաժողովն ասի՝ գիտե՞ս՝ ՀԷՑ-ի փաթեթով ծախսերը, կորուստներն այսքան են, այդքանից պակաս չպիտի լինի: Մի քիչ տարօրինակ է, որ ասում են՝ գինը չի էժանանում: Ես կարծում եմ էներգետիկայի նախարարությունը պետք է ավելի կոնստրուկտիվ հարցին մոտենա եւ պետք է լինի շահագրգռված ճիշտ աուդիտի շնորհիվ պարզաբանելու, թե իրական վիճակն ինչպիսին է ՀԷՑ-ում»:

Գործատուների միության նախագահի խոսքերով՝ Հայաստանում ձեռնարկությունների արտադրողականությունը, վճարունակությունը շատ ցածր է, եւ ցածր վճարունակության պայմաններում ամեն մի թանկացում էական է. «Որովհետեւ եկամուտի իր մասը պիտի պոկի տա հոսանքի եւ գազի համար: Ձեռնարկություններն առանց այն էլ ֆինանսների հասանելիության խնդիր ունեն: Միայն բավական է նշել, որ 18 հազար ձեռնարկություն փակվել է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում:

Էներգետիկայի նախարարությունը փորձում է վիճակագրական այլ տվյալներ ներկայացնել, թե այդքան չեն փակվածները, նրանք մի մասը պարզապես դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց փաստն այն է, որ դրանք միայն թղթի վրա գոյություն ունեն, գործունեություն չեն ծավալում»:

Ըստ Մակարյանի՝ գործունեությունը դադարեցրած գործարարների 60 եւ ավելի տոկոսը խոսում է զարգացման համար ֆինանսների հասանելիությունից, այսինքն եթե ֆինանս չկա, չեն կարող իրենք զարգանան: Այդ իսկ պատճառով հոսանքի գինը եւս, ըստ Մակարյանի, մեծ նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է մինչեւ աուդիտի ավարտը ՀՀ քաղաքացիներին ու ՓՄՁ-ներին էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը փոխհատուցելուն, Գագիկ Մակարյանն այս հարցով մի նոր առաջարկով է հանդես գալիս:

«Կառավարության այդ քայլը բարի հայտարարություն, բարի ցանկություն է ընդամենը. տնտեսական առումով նշանակություն չի ունենալու: Ընդհակառակը՝ այդ փողերը կորելու են, այդ փողերը տրվելու են ՀԷՑ-ին: Իսկ ես կարծում եմ կարիք չկա, որ կառավարությունը այդքան ՀԷՑ-ին փաղաքշի: ՀԷՑ-ն ինքը պետք է շահագրգռված լինի որակով եւ մատչելի հոսանք տրամադրելու:

Եվ կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ կոմպենսացիայի համար նախատեսվող գումարները ծախսեն եւ Գյումրիում անօթեւաններին տնով ապահովեն, որոնք մինչեւ այժմ մնացել են: Իմ հաշվարկով Շիրակի մարզում 4000 ընտանիք բնակարանի կարիք ունի: Այնտեղ անհրաժեշտ է ընդամենը 12-13 մլն. դոլար, որպեսզի այդ ընտանիքներին ապահովեն բնակարանով: Ճիշտ այդքան գումար է անհրաժեշտ, որ կառավարությունը սուբսիդավորի ՓՄՁ-ներին:

Հավատացեք՝ բնակարանաշինությունը նաեւ տնտեսական առումով ավելի եկամտաբեր կլինի, որովհետեւ փողը կմտնի տնտեսության մեջ: Այսինքն այդ փողը կծախսվի շինարարության վրա, այնտեղ մարդիկ աշխատավարձ կստանան, զբաղվածություն կխթանվի, հարկեր կմուծեն եւ այլն: Փոխարենն այդ գումարը մտածում են տալ ՀԷՑ-ին»:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ հնարավոր է նոր գնորդի հետ հարաբերություններում իրավիճակ շտկեն, իրականացնեն ճիշտ աուդիտ եւ արդյունքում սահմանվի հոսանքի այնպիսի գին, որ ՀՀ-ում խթանեն գործարար ոլորտը, իսկ փոխարենը գործարարները պատրաստ կլինեն հրաժարվելու 3-ամսյա սուբսիդավորումից, հատկապես եթե այդ գումարները թափանցիկ կերպով ուղղվեն Շիրակի մարզի բնակարանաշինությանը:

Քրիստինա Մկրտչյան