ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏԻ ԱՀՌԵԼԻ ՄՈՆՈՊՈԼԱՑՈՒՄԸ

image

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի հետ:

-Տիկին Թադեւոսյան, ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը ղեկավարում է «Այո»-ի շտաբը ու փաստորեն մինչեւ դեկտեմբերի 6-ը նա համատեղելու է երկու պաշտոններ: Այս ֆոնին հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ապահովելու խոստացված տնտեսական աճը:

-Վարչապետի անելիքը շատ համակարգային պետք է լիներ, այսինքն պետք է շտկվեին բոլոր այն հարաբերությունները՝ թե տնտեսական, թե իրավական ու օրենսդրական, որոնց միջոցով տնտեսությունը կարգավորվում է: Օրենքներն ունեն ինչ-որ թաքնված խութեր, որոնք հնարավորություն են տալիս իշխող վարչախմբին անելու այն, ինչ իրենք ցանկանում են անել, ոչ թե տնտեսության զարգացման նպատակով, որը պետք է ի նպաստ լինի ողջ հասարակության զարգացմանը, այլ ինչ արվում է, արվում է հենց վարչախմբի շահերին համապատասխան: Ինչո՞ւ տնտեսության պատասխանատուին գործից կտրում են ու ուղղում այնպիսի մի աշխատանքի, որը վարչապետը չպետք է կատարեր, իսկ Ս. Սարգսյանի համար միեւնույն է՝ մեր երկիրը կզարգանա, թե ոչ, իրեն պետք է սահմանադրությունն անցկացնել, իսկ թե այդ ճանապարհին մենք ինչքան էլի վնասներ կկրենք, դա իրեն չեմ կարծում, որ հուզում է:

-Այսինքն այս ամենը նշանակում է, որ բոլոր հարցերն ուղղակի հետին պլան են մղել, մոռացել տրված խոստումների մասին ու պետական լծակներն օգտագործում են այլ ուղղությամբ:

Զոյա Թադեւոսյան

-Ինչով որ առաջնորդվում են մեր գործող իշխանությունները, դա ոչ թե պետական շահի, այլ յուրաքանչյուրի շահի բավարարումն է: Ու տնտեսության այդ ահռելի մոնոպոլացումը երբեք թույլ չի տա ազատ շուկայական տնտեսության հիմքի վրա զարգացումը դարձնել իրականություն, հնարավոր չի, դրանք չեն մեկտեղվում, մենաշնորհը եւ ազատ շուկայական հարաբերությունները երկու տարբեր հակադրություններ են, դրանք մեկտեղել ու միասնաբար կիրառել տնտեսության զարգացման նպատակով անհնարին է: Այդպիսի փորձ աշխարհի ոչ մի երկիր չունի: Տնտեսական աճը կլիներ այն դեպքում, եթե այդ մենաշնորհը կվերանար ու բոլորը միասին կլծվեին մեր տնտեսության զարգացման գործին՝ օրենքի, օրինականության եւ շուկայի թելադրած մեխանիզմին համարժեք, բայց, ցավոք, դա չկա, հետեւաբար ով էլ ուզում է լինի, այսպիսի իրավիճակում տնտեսությունը զարգացնելու մեխանիզմներ չկան, խնդիրը նրա մեջ է, որ մեր տնտեսությունը զարգացման հնարավորություններից զրկված է:

-Այնուամենայնիվ, կառավարության նիստերի ժամանակ գրեթե միշտ Հ. Աբրահամյանը հայտարարում է, թե այս տարի տնտեսական աճ է գրանցվել Հայաստանում՝ գյուղատնտեսական ոլորտում արձանագրված բարձր բերքատվության հաշվին:

-Եթե մի տարի բնությունը մեր հանդեպ  բարեհաճ է գտնվում, ապա ունենում ենք տնտեսության աճ գյուղատնտեսության ոլորտում, մեկ այլ տարի ոչ՝ ուրեմն կորուստներ ենք շատ ունենում, գյուղատնտեսությամբ պարծենալ կարելի է, բայց չափավոր, քանի որ տեսանք, թե գյուղմթերքների վաճառքն ինչպիսի խոչընդոտների հանդիպեց:

Ուրեմն այսպես, տնտեսական աճը բարեկեցությունն է, աղքատության մակարդակի նվազումը, մարդու ապրելակերպի փոփոխությունը, մարդու տնտեսական վիճակը, տրամադրությունը,  երեխաների երջանիկ մանկությունը… մենք ամեն օր տեսնում ենք տխուր դեմքեր, հուսահատ մարդիկ, որ մտածում են երբ գնալ, որ երկիր գնալ, բայց ոչ երբեք մնալ այս հայրենիքում, որը մեկն է ընդամենը, բայց մարդիկ թողնում են այդ մեկն ու գնում, այսինքն այդ տնտեսական աճն ամենաշոշափելի, ամենանյութականացված հասկացողությունն է, ինչի մասին մեր իշխանավորները մոռանում են:

-Իսկ այս պայմաններում պաշտոնական տվյալներով բնակչության թիվը, օրինակ, ՀՀ երկու մարզերում՝ Լոռիում եւ Շիրակում, մի քանի ամիսների ընթացքում ավելացել է: Այսինքն տնտեսական ոլորտի բարելավում չկա, արտագաղթի, աղքատության ու գործազրկության  ցուցանիշներն ավելանում են, միաժամանակ բնակչության թիվն է ավելանո՞ւմ:

-Անում են այն, ինչ կարող են անել, նրանց հրաման է տրված, հետեւաբար նրանք պետք է ստեղծեն այդպիսի տեսիլք, հնարավորություն, թե տեսեք՝ էսքան բնակչության իբր թե աճ ունենք: Բոլորս ենք տեսնում, որ այդպես չէ, ոնց որ մարդուն ասենք՝ մածունը սեւ է: Ինչի մասին վիճես հետները, երբ որ ունենք արտագաղթ, ու տարեկան միջին ցուցանիշը կազմում է 25 հազար, անցյալ տարի 100 հազարից անցավ արտագաղթի ցուցանիշը, հիմա ի՞նչ խոսես թիվ նկարողի հետ: Եթե իր պատկառանքը բավականացնում է այդպիսի հանցագործության, ուրեմն թող նկարի:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի