ՎԱՐՊԵՏԸ․․․ ՔՐԻՍՏԻԱՆ ԴԻՈՐ

Kristian-Dior-rodilsja

Հաճախ «Ֆրանսիա» ասելով մենք հասկանում ենք «նորաձևություն», ասում ենք «նորաձևություն»՝ ենթադրում «Քրիստիան Դիոր»։ Նա իր ողջ կյանքն ու տաղանդը նվիրաբերել է կանանց, ավելի ճիշտ՝ նրանց առավել գեղեցիկ ու երջանիկ դարձնելուն։ Նրա համար կանայք բնության հրաշալիքն էին, անկրկնելի գեղեցկությամբ ծաղիկներ։

Եվ նրանից լավ ոչ ոք չգիտեր կնոջ մարմնի ուրվագծերը, թեև այդպես էլ պետք է լիներ, քանզի նորաձև հագուստ ստեղծելն առանց դրանց իմացության ուղղակի անհնարին է։ Նրա արհեստանոցներում աշխատում էին հարյուրավոր կանայք, նրա հաճախորդներն էին աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ տիկինները, ովքեր Վարպետին պարզապես աստվածացնում էին։ Նրա խորհուրդներն ընդունվում էին երախտագիտությամբ և ի կատար ածվում բացարձակ ճշգրտությամբ, նրա արարքները ապշեցուցիչ հիացմունքի էին արժանանում։ Նա ստեղծել է նորաձևության հսկայական կայսրություն, որը մինչ օրս՝ անգամ իր մահից հետո, շարունակում է աճել ու զարգանալ, ինչպես նաև հմայել կանանց աշխարհի բոլոր անկյուններում։

Քրիստիան Դիորը ծնվել է 1905թ․-ի հունվարի 21-ին Գրանվիլում ունևոր ընտանիքում։ Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Փարիզ և տեղավորվել Պասսի թաղամասում, որը Դիորը այդպես էլ երբեք չէր լքելու։ Ապագա կուտյուրիեն մանկուց հետաքրքրվում էր նկարչությամբ, երազում հռչակավոր նկարիչ դառնալու մասին, սակայն ընտանիքը չէր կիսում այդ ցանկությունները՝ Դիորի համար դիվանագետի կարիերա նախորոշելով։ Արձագանքելով մոր անընդմեջ խնդրանքներին՝ Քրիստիանը զիջում է՝ ընդունվելով «Քաղաքական գիտությունների ազատ դպրոց»։ Սակայն դրանով էլ նրա քաղաքական գործունեությունն ավարտվում է։ Միջազգային իրավունքի և աշխարհագրության դասերին մասնակցելու փոխարեն Քրիստիանը շրջում էր թանգարաններում, ուսումնասիրում երաժշտություն և գեղանկարչություն։ Ինչպես և շատ հանճարների դեպքում, Դիորի երիտասարդությունը ևս բուռն էր ու փոթորկուն․ նրա երևակայությունը սահմաններ չէր ճանաչում, իսկ տաղանդը բազմաշերտ էր։ Մեծ եղբոր ամուսնությունից հետո Քրիստիանի մայրը ջանքեր չէր խնայում նրա համար ևս զույգ գտնելու ուղղությամբ։ Քրիստիանը մասնակցում էր պարահանդեսներին, ծանոթանում հնարավոր «թեկնածուների» հետ, սակայն շարունակում էր մնալ անմատչելի։

1013722412Արդյունքում Դիորի մասին խոսելու էին, թե նա կանանց այնպես է նայում, կարծես ուզում է նրանց զգեստափոխել։ Նա դեռ այն ժամանակ տանել չէր կարողանում անճաշակ և փնթի հագնված կանանց և իր ծանոթ աղջիկներին այնպիսի խորհուրդներ էր տալիս, որ նրանք պարզապես հմայվում էին։ Ավարտելով ուսումը՝ Դիորը տրվում է իր նախասիրություններին և իր ընկեր Ժակ Բանժանի հետ ոչ մեծ պատկերասրահ է բացում։ Այստեղ վաճառվում էին Դերենի, Մատիսի, Բրակի, Պիկասոյի կտավները։ Պատկերասրահը ճանաչում և բարձր հեղինակություն է ձեռք բերում։

Սակայն երջանկությունը կարճատև էր լինելու ․․․ 1931 թ․-ին Դիորին սարսափելի փորձություն էր սպասվում․ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում քաղցկեղը կլանում է մոր կյանքը, իսկ նրա հայրը, ով ֆինանսավորում էր պատկերասրահը, սննկանում է։ Դիորը զրկվում է տնից, գումարներից, սիրելի աշխատանքից, սակայն ամենասարսափելին այն էր, որ նա այլևս չէր կարող իրեն համար սովորական դարձած կենսակերպ վարել։ Երեք տարի կիսաղքատ գոյությունը պահպանելուց հետո Դիորը թոքախտով է հիվանդանում, և ընկերները, որոնք նրա հետ շարունակում էին շփվել, նրան բուժման են ուղարկում։ Եվ միայն 1935 թ․-ին Փարիզ է վերադառնում այն Քրիստիան Դիորը, ում մասին լեգենդներ են պատմելու։ Դիորը հաստատվում է դերասան և նկարիչ Ժան Օզենի մոտ։ Նա սկսում է թատերական զգեստներ պատրաստել, որոնք ցույց են տրվում նորաձևության ոլորտի մարդկանց։ Եվ միայն 1938 թ․-ին Դիորը կատարում է դեպի հաջողություն տանող առաջին քայլերը՝ սկսելով աշխատել Ռոբեր Պիժեի և Լյուսեն Լելոնգի նորաձևության տանը։ Պիժեի մոտ նա սովորում է էլեգանտություն ու պարզություն, Լելոգից վերցնում արհեստի նրբություններն ու տեխնոլոգիաները, ձեռքի աշխատանքի նկատմամբ սերն ու նյութի ընկալումը։ Սակայն Դիորի տեղը մեկ ուրիշն է զբաղեցնում, երբ վերջինս բանակ է զորակոչվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Եվ ապագա վարպետը ստիպված է ամեն ինչ սկսել նորից՝ կրկին ամսագրեր, կրկին մոդելավորողի աշխատանք․․․

0_6809f_4e57f9e3_XL

«Միթե այսպես լինելու է միշտ։ Ես քայլելու եմ այս փողոցով, նկարելու ուրիշների հավաքածուների համար։ Ես արդեն 40 տարեկան եմ, իսկ ով եմ ես․․․»։ Իհարկե, Քրիստիանն ինքն էր փնտրում իր ուղին, սակայն նրա ճակատագիրը որոշվում է միլիոնատեր Մարսել Բուսակի օգնությամբ, ով ֆինանսական միջոցներ է տրամադրում Դիորին՝ սեփական նորաձևության տան բացման համար։ Քրիստիանը ստանում է հսկայական ֆինանսական միջոցներ (60 միլիոն ֆրանկ) և գործողությունների լիակատար ազատություն։ 7 ամսվա ընթացքում նա չտեսնված աշխատանք պետք է կատարեր՝ ստեղծել հավաքածու, ձևավորել տարածքը, գտնել հաճախորդներ և թիմ կազմել՝ հասցնել ամեն գնով։ 1946 թ․-ին Մարսել Բուսակի հետ համատեղ Քրիստիան Դիորը Մոնտեն փողոցի վրա սեփական նորաձևության տունն է բացում։

Ընդգծված բարակ իրաններ, փարթամ, բարձր կուրծք, նեղ, կլորիկ ուսեր, մինչև կոճերը հասնող լայն կամ նեղ շրջազգեստներ՝ ահա նրա առաջին հավաքածուի հիմնական առանձնահատկությունները, որոնք լիովին հերքում էին հագուստի նորաձևության մինչպատերազմյան պարզությունն ու ֆունկցիոնալությունը։ Նա նորաձև է դարձնում կարծես անցյալի ազնվական կանացից փոխառնված զգեստները՝ երկար, փարթամ, շքեղ։ Որոշ զգեստների ստեղծման համար պահանջվում էր մինչև 40 մետր կտոր։

DIOR_NewLookԹվում էր՝ «new look» անվանված նոր ուրվագիծը կարող էր վախեցնել գնորդին, սակայն հակառակն է ստացվում՝ ցուցադրված 90 զգեստը վայրկյանների ընթացքում վերափոխում են քմահաճ փարիզուհիների աշխարհընկալումը․ նրանց հոգնեցրել էին սահմանափակումներն ու աղքատությունը, նրանք հավաքածուն հիացմունքնով են ընդունում։ «Ինչպես կարելի է նման ճչացող ճոխություն ցուցադրել, երբ նոր է ավարտվել պատերազմը»։ Սակայն առաջին հաջողությունը վերջնական հաղթանակ կարելի էր համարել։ Բավականին անսպասելի էր այդ ժամանակներում խստակյաց Ամերիկայի բողոքը։«Ինչպես է նա համարձակվում վերադառնալ ճոխությանը այն երկրում, որը պարալիզացվել է գործադուլներից, ուր կառավարությունները հաջորդում են մեկը մյուսին, ուր բառացիորեն ոչինչ չի հերիքում»,- խստորեն քննադատում էին ամերիկացի կուտյուրիեները։ Դիորին մեղադրում էին կանաց այլանդակելու մեջ։ Անգամ հատուկ՝ կարճ շրջազգեստների պաշտպանության ակումբ է ստեղծվում։ Աշխարհի մայրաքաղաքներում «կողմ» և «դեմ» կոչերով ցույցեր էին կազմակերպվում․․․ Սակայն մեկ տարի անց ողջ Եվրոպան և Ամերիկան ընդունում են «նոր ոճը»։ Եվ թեև Դիորի անունը էլեգանտության և գեղեցկության խորհրդանիշ էր, այնուամենայնիվ նրան շարունակում էին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սակայն կուտյուրիեն ուներ իր պարզ կանոնը․ « Ավելի լավ է քեզ փնովեն առաջին էջում, քան գովեստի երկու տող գրեն վերջինում»։ Հենց այդպես էլ 1947 թ․-ին թերթերը չկարողացան ապացուցել, որ նոր ոճը վատն է՝ ավելի շուտ բարձր նորաձևության աշխարհում նոր խոսքի վրա համընդհանուր ուշադրություն հրավիրելով։ Զարմանալի չէ, որ նույն թ․-ին Դիորին բարձր նորաձևության Օսկար է շնորհվում։ 1947-ից 1957 թթ․-ին տարեկան երկու հավաքածու ստեղծելով՝ Դիորը շարունակում էր շշմեցնել հանդիսատեսին։ Ամեն ցուցադրությունից առաջ հանդիսատեսը անհամբերությամբ սպասում էր՝ ինչ նոր փոփոխություններ կբերեն դրանք։

mdc-edt«Օծանելիքը կնոջ անհատականության անհրաժեշտ լրացումն է․․․»։

Ոչ երկարատև մտորումներից հետո արդեն հանրահայտ կուտյուրիեն որոշում է կայացնում օծանելիքներ ստեղծելու մասին։ Փարիզյան գեղեցկուհիների համար առաջին բացահայտումը «Միսս Դիոր» բույրն էր, որին հաջորդում են «Դիորամա» և «Դիորիսիմո» օծանելիքները։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ, շուտով նա իրական գործարար է դառնում, ում ընկերությունները թողարկում են փողկապներ, սեղմիրաններ, թանկարժեք զարդեր, ձեռնոցներ, կոշիկ։ Այսպիսով 50-ական թթ․ կեսերին Դիորը տնօրինում էր շքեղության աշխարհում առաջնային տեղ զբաղեցնող իրական մի կայսրություն։ Ունենալով անհավանական տաղանդ՝ նա նաև ընդունում էր մյուսների շնորհները։ Նա մեկ հայացքով կարող էր գնահատել երիտասարդ դիզայների աշխատանքը և մշտապես նոր ու թարմ ուժերով էր համալրում իր նորաձևության տունը։

Այստեղ են սկսել իրենց քայլերը Պիեռ Կարդենը, Ժան Լուի Շերերն ու Ֆրեդերիկ Կաստեն, Իվ Սեն Լորանը, ով նրա հետևորդն է նշանակվում։ Հաջողությունն ուղեկցում էր Դիորին ամենուր։ Նա մասնակցություն է ունեցել 15 ֆիլմերի ստեղծմանը՝ կոստյումներ ստեղծելով այնպիսի հայտնի դերասանուհիների համար, ինչպիսիք են Ավա Գարդներն ու Մառլեն Դիտրիխը։

glamissrui_8265929_14844987

Նորաձևությունը հսկայական գումարների, մրցակցության, գաղտնիքների հափշտակման դաժան մի աշխարհ է։ Դիորը կարողանում է դիմակայել և հաղթել այդ աշխարհում։ Սակայն հաղթանակը նրա վրա շատ թանկ է նստում։ 1947թ․-ին՝ իր հաջողության առաջին տարում նա սրտի կաթված է ստանում․ բժիշկները նրան խորհուրդ են տալիս ավելի շատ հոգ տանել իր մասին։ Սակայն Քրիստիանը կածես կուրացել էր հաջողությունից ու ապրելու ցանկությունից։ Նա անսահման սիրում էր իր ընկերներին ու գործընկերներին, օգնում բոլորին՝ մոռանալով իր մասին։ Նրա հիվանդությունը վերադառնում է 10 տարի անց՝ ընդմիշտ խլելով ապրելու իրավունքը։ «Կանայք ներհայեցողությամբ հասկանում են, որ իմ գլխավոր ցանկությունն էր ոչ միայն նրանց ավելի գեղեցիկ դարձնել, այլ ավելի երջանիկ։ Նրանց երախտագիտությունն էլ հենց իմ պարգևն է»։ Նա փառքի գագաթնակետին էր ընդամենը 10 տարի, սակայն նրա կայսրությունը ապրում է մինչ օրս։ Նա մահանում է՝ իր կայսրությունը թողնելով մեկ այլ տաղանդի՝ 21-ամյա Իվ Սեն Լորանի ձեռքերում։ Դիորի մասին լեգենդները պատմվում են մինչ օրս, որտեղ նա ներկայանում է որպես բարի, արդարացի և մի փոքր ոչ այս աշխարհից։ Երբ Դիորին հողին էին հանձնում, նրա ընկերներն ասում էին՝ Աստված Քրիստիանին կանչեց իր մոտ, որպեսզի նա հրեշտակներին հագցնի։