ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՆԱՃ. ԽՄԻՉՔԸ, ԾԽԱԽՈՏԸ, ԱՎՏՈԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ

«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումից հետո սպասվում է թանկացումների նոր ալիք: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց նախօրեին՝ քվեների 87 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ:

«Ակցիզային հարկի մասին» օրինագծի առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նոր հարկատեսակ մտցնել, բացի այդ, բարձրացնել մի շարք ապրանքատեսակների համար գործող ակցիզային հարկը՝ մոտ 10 տոկոսով:

Խոսքը վերաբերում է բենզինին, դիզելային վառելիքին, ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին:

Հիշյալ օրինագծով առաջարկվում է նաեւ նոր հարկատեսակ սահմանել մեքենաների լիցքավորման համար օգտագործվող բնական սեղմած գազի համար՝ 1000 խմ-ի դիմաց կգանձվի 8 330 դրամ։

Հիշեցնենք, որ այս նախագիծը կառավարությունն ԱԺ բերելու համար որպես հիմնավորում մատնանշում էր այն, որ այդ փոփոխություններով հնարավոր կլինի գումարներ մուտքագրել պետբյուջե՝ ավելի քան 9 միլիարդ դրամի չափով:

Նախագիծը խորհրդարանին ներկայացվեց հունիսի սկզբներին, եւ այդ ժամանակ առաջարկվող փոփոխություններից հավասարապես դժգոհում էին եւ դեմ արտահայտվեցին ԱԺ թե իշխանական եւ թե ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները: Հատկանշական է, որ դեմ քվեարկեց անգամ հանրապետական օլիգարխիան, նաեւ ԲՀԿ խմբակցությունն ու ՕԵԿ-ից պատգամավորներ: ԱԺ-ն ստիպված եղավ երկրորդ ընթերցումը տեղափոխել ԱԺ աշնանային նստաշրջան:

Եվ ի վերջո օրինագիծն ընդունվեց: Հիմա մնում է սպասել թանկացումներին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, ով նախագծի առաջին ընթերցմանը դեմ էր քվեարկել, ասաց, որ երկրորդ ընթերցմանը քվեարկել է կողմ՝ իր դիրքորոշման փոփոխությունը բացատրելով այսպես.

«Կողմ եմ քվեարկել… որովհետեւ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնի, տեսնենք ինչ է լինելու, կարծում եմ ինչ-որ բան կփոխվի»:

Մեր այն նկատառմանը, թե հունվարից արդեն թանկացում կսկսվի, ի՞նչ է նշանակում «ինչ-որ բան կփոխվի», պարոն Հակոբյանն ասաց.

«Օրենքն ուժի մեջ պետք է մտնի եկող տարվա կեսից՝ հունիսի 1-ից, այսինքն թանկացումը հունվարի մեկով չի կարող լինել: Կարծում եմ, որ մինչեւ այդ էլի բան կփոխվի»:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն, ով նախագծի առաջին ընթերցման ժամանակ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին՝ բացատրելով, որ սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնելն անտեղին է,  չասաց՝ ինչպես է քվեարկել նախագծի երկրորդ ընթերցմանը, բայց հայտարարեց, որ ավտոգազի գնաճ չի նախատեսվում.

«Ես անձամբ խոսել եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարության հետ եւ նաեւ ՀՀ կառավարության համապատասխան մեր գործընկերների հետ, եւ ասել են, որ ավտոգազի գների բարձրացում թույլ չեն տա, եւ որ այն կլինի գազալցակայանների շահույթների հաշվին: Ծխախոտի համար 1000 հատիկի հաշվով 5000 դրամը դառնում է 5500, այսինքն 10 տոկոս, առանձնապես ես մեծ պրոբլեմ չեմ տեսնում, որ խմիչքի եւ ծխախոտի մասով մենք կունենանք թանկացում, որը շատ չնչին է: Մի տուփ սիգարետի վրա 5-10 դրամ է լինելու, ի՞նչ խնդիր կա»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հավելենք, որ արդեն իսկ գյումրեցի որոշ ավտովարորդներ թանկացումների այդ ալիքը զգացել են ժամանակից շուտ: Որոշ գազալցակայաններ 400-500 դրամ ավելի են պահանջում մեկանգամյա գազալցման համար:

 

Քրիստինա Մկրտչյան