«ՇՈՒԿԱՆ ՀԵՏԶՀԵՏԵ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

image

ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների այն պնդումները, թե հայաստանյան տնտեսության ոլորտում վերջին շրջանում որոշակի տեղաշարժեր են գրանցվել, հեռու են իրականությանը մոտ լինելուց, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Մենք սեւ ակնոցներով ենք տեսնում իրականությունը, որ քաղաքացիները գաղթել են, հո նրանց նման պարզ, ջինջ, վարդագույն ակնոցներ չունենք, այնպես չի, որ բիզնեսը մեր ձեռքին է, այնպես չի, որ եկամուտների բաշխման արդյունքում գումարները մեզ են հասնում, իրենց են հասնում, դրա համար իրենք իրենց առումով ճիշտ են»:

Հայաստանյան իրականությունը շատ պարզ է. այսօր ոչ միայն փոքր ու միջին ձեռնարկություններն են փակվում, այլ վերջին տվյալներով որոշ խոշոր բիզնեսներ եւս արդեն հայտնվել են սնանկացման եզրին, իսկ պատճառն, ըստ մեր զրուցակցի, մեկն է. այսօր Հայաստանում պաշտպանված է միայն պաշտոնյաների բիզնեսը. «Դրա համար իրենց բիզնեսները շատ լավ վիճակում են, կոռուպցիա էլ չկա, իրենցն էդպես պապական կուտակվել է: Թող դոլարային արժեքով եկամուտները հաշվեն՝ անցած տարի ինչքան է եղել ու այս տարի ինչքան է եղել, էլ ուրիշ բան չասեմ: Ավելի վատ վիճակ ենք ունենալու, ես կարծում եմ՝ իշխանություններն այս պահին, քանի դեռ հանրաքվեն տեղի չի ունեցել, պետք է եւ դոլարի կուրսը որոշակիորեն պահպանեն, ու նաեւ մինչ այդ հոսանքը ժողովրդի համար չի թանկանա, հանրաքվեից հետո եւ հոսանքի գինը կբարձրանա բոլորի համար, ինչպես նաեւ դոլարի կուրսը կբարձրանա, ինչը կնշանակի, որ բոլոր ապրանքների գնաճ տեղի կունենա, առանց աշխատավարձերի բարձրացման, գումարած դրան՝ չի լինի ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների ծավալի աճ, եվրոպական եւ արեւմտյան դաշտին խաբել են  մինչեւ վերջ ու մինչեւ հիմա խաբում են, մտել են Եվրասիական գոտի, գումարած դրան՝ տարբեր քայլեր են անում, որոնք բացառապես ռուսական քայլեր են, ինչը բնականաբար չի ողջունվում Արեւմուտքի կողմից, ու այն աստիճան, որ ԱՄՆ դեսպանի ասածի համար կարող ենք ասել՝ ստից բան է ասում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե հիմա էլ ՀՀ իշխանությունները ելքեր են որոնում Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում՝ մեծ չափի գումարներ բերելու ակնկալիքով.

«Ինչ-որ թե Չինաստանից ունեն սպասելիքներ, հույսեր ունեն, բայց ճիշտն ասած չեմ պատկերացնում, որ այս պահին Չինաստանը ռուսական «քաղաքական գրկում» գտնվող պետությանն ինչ-որ խոշոր ֆինանսներ տա, ուստի եւ որեւէ լավ բանի հեռանկարներ չեմ տեսնում, չհաշված այն, որ շուկան հետզհետե փոքրանում է՝ արտագաղթի պատճառով»:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի՝ առաջին անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները քաղաքական գործընթացներին ընդառաջ հայտարարում են, թե տնտեսության վիճակն ինչ-որ չափով բարելավվել է, եւ որ կամ առաջիկայում էլ ավելի լավ է լինելու, սպասվում են նոր դրական փոփոխություններ. «2012 թվականին խորհրդարանական  ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ու էներգետիկայի նախարարը մեզ հերյուրանք անողներ էին ասում, ինչի՞ համար, որ մենք ասում էինք, որ գազը թանկանալու է, իրենք ասում էին՝ հերյուրանք է, պարզվեց՝ գազը ոչ թե թանկանալու է, այլ թանկացել է, ապօրինի կերպով դա պահել էին, եւ ընտրություններից հետո իմացանք, որ 300 միլիոն դոլարի պարտք կա:

Նմանատիպ բազմաթիվ դրվագներ մենք տեսել ենք, ուստիեւ չեմ կարծում, որ որեւէ ձեւով դա հեռու է իրականությունից: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որեւիցե ձեւով աշխարհի սլաքի հետ, ժամացույցի սլաքի հետ, ընթացքի հետ չի բռնում, Հայաստանում ըստ  քաղաքագիտական օրինաչափությունների արդեն մի քանի անգամ պետք է հեղափոխություն եղած լիներ, բայց մեր քաղաքացիները, չգիտես ինչու, այլ ճանապարհ են ընտրում՝ կամ տունը նստել բողոքել, կամ արտագաղթի ճամպրուկը կապել ու գնալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Հերմինե Մկրտչյան