ՃԱՐՊԵՐԻ (ԼԻՊԻԴՆԵՐ) ԴԵՐԸ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ․ ՄԱՍ 1

rastitelnye_masla_dlya_koghi

Ճարպերն (լիպիդներ) ու ճարպանման նյութերը ժամանակակից կոմետիկ միջոցների բաղադրակազմում գերակշռող դեր ունեն, ընդ որում ինչպես մաշկի և մազերի համար նախատեսված մաքրող միջոցների, խնամքի պարագաների, այնպես էլ դեկորատիվ կոսմետիկայի կազմում։ Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից։ Լիպիդները բաժանվում են 2 խմբի՝ պարզ՝ ճարպաթթուներ, եռագլեցերիդներ (չեզոք ճարպեր), լիպոսպիրտներ   (խոլեստերոլ, ռետինոլ, կալցիֆերոլ) և բարդ՝ ֆոսֆոլիպիդներ և գլիկոլիպիդներ։   Իրենց քիմիական բաղադրակազմի շնորհիվ ճարպերն ու ճարպանման նյութերը հեշտությամբ թափանցում են մազի մազարմատի և էպիդերմիսի (վերնամաշկի) վերին շերտերը։ Դրանք կենսաբանական մեծ ակտիվություն ունեն։ Հենց այդ պատճառով էլ ճարպերը լայն կիրառություն ունեն կոսմետոլոգիայում։

Բույսերն ու կենդանիները կուտակում են ճարպը չեզոք ճարպերի կամ եռագլիցերիդների տեսքով։ Չեզոք ճարպերն օգտագործվում են կոսմետոլոգիայում․ դրանք  սովորական բուսական յուղերն ու կենդանական ճարպերն են։ Կախված ճարպաթթվային բաղադրությունից՝ ճարպը կարող է այս կամ այն ֆիզիկական հատկություններ դրսևորել։ Այսպես, սենյակային ջերմաստիճանի պայմաններում հեղուկ ճարպը հիմնականում պարունակում է ճարպաթթուներ կրկնակի կապերով․ այսպես ասած չհագեցած ճարպաթթուներն են դրանք։ Եթե ճարպը սենյակային ջերմաստիճանի պայմաններում շարունակում է մնալ պինդ, ապա դրա բաղադրակազմում նշանակալիորեն շատ են հագեցած ճարպաթթուները։

olive bath items isolated on the white. wellness products

Մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն՝ վերնաշերտի լիպիդային կազմը սկզբունքային նշանակություն ունի մաշկի ընդհանուր վիճակի համար։ Օրինակ՝ մաշկի չորությունը, թեփոտվածությունը լիպիդային պակասորդի հետևանք է, ընդ որում մաշկի շերտերում տեղի ունեցող ախտաբանական գործընթացների բարդությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան մեծ է անհավասարակշռությունը։ Թեթև խնդիրները կարելի է լուծել ձեռքի տակ եղած կոսմետիկ միջոցների օգնությամբ։ Ի դեպ, համապատասխան միջոցների կազմում գտնվող ճարպերն ու յուղերը լիարժեքորեն ակտիվ բաղադրամասեր են, որոնք լուրջ ազդեցություն ունեն մաշկի շերտերում կատարվող ֆիզիոլոգիական գործընթացների վրա։

Լիպիդները սպիտակուցների և ածխաջրերի հետ հավասարապես հանդես են գալիս որպես «շինանյութեր», որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները։ Լիպիդների և ճարպանման նյութերի դերը հսկայական է. բավական է թեկուզ և այն, որ դրանք բջջային թաղանթի հիմնական նյութերից մեկն են։

Ճարպը պահպանում է մաշկի վերին շերտի առողջ վիճակը՝ ապահովելով մաշկի նորմալ կենսագործունեությունը։ Առանց ճարպերի օգնության արյունատար անոթներից զերծ մաշկի վերին շերտերը արագ մահանում են, ընդ որում մեռած բջիջներն ամբողջովին շերտազատվում են։ Ճարպը փափկեցնում է մաշկը, այն դարձնում էլաստիկ՝ առաձգական, ավելի նուրբ և հարթ։ Բնական ճարպերի և յուղերի մեջ որքան շատ են ազատ ճարպաթթուները, այդքան մեծ է դրանց՝ ավելի խորը շերտերը թափանցելու ընդունակությունը, և համապատասխանաբար դրանք ավելի մեծ կենսաբանական ակտիվություն ունեն։

1

Հագեցնելով մաշկի վերին էպիթելային հյուսվածքները՝ ճարպը նվազեցնում է խոնավության կորուստը՝ միաժամանակ փափլկեցնելով հյուսվածքները։ Լիպիդների (ճարպերի) գործածումը ենթադրում է վաղաժամ կնճիռների առաջացման կանխարգելում, նպաստում ողջ օրգանիզմը շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցությունից պաշտպանող բնական շերտի ձևավորմանը։ Ընդհանուր առմամբ ջերմակարգավորման գործընթացում ճարպերի դերը չափազանց մեծ է՝ լիպիդային հավասարակշռության խախտումը կարող է մաշկի գերտաքացման կամ գերսառեցման պատճառ դառնալ։ Միաժամանակ խախտվում է նյութափոխանակությունն ու տեղի է ունենում գեղձերի և արյունատար անոթների երկարատև նեղացում։ Չեզոք ճարպերի պաշտպանիչ հատկությունները տարածվում են նաև նյարդային վերջույթների վրա, որոնք նույնպես ենթարկվում են շրջակա միջավայրի ազդեցությանը։

Ճարպանյութերը նաև կարևոր հիգիենիկ նշանակություն ունեն․ դրանք տարրալուծում են մաշկի մակերեսին գտնվող քրտնագեղձերի և ճարպագեղձերի աշխատանքի ավելցուկները։ Որպեսզի բուսական կամ կենդանական ճարպերը կենսաբանական ակտիվություն ցուցաբերեն, պետք է յուրացվեն մաշկի կողմից, այսինքն՝ մասերի բաժանվեն, որոնցից այնուհետև կսինթեզվեն մաշկին անհրաժեշտ նյութերը։ Կոսմետիկ միջոցների օգնությամբ մաշկ ներթափանցող եռագլիցերիդներն այնպիսի ճարպաթթուների աղբյուր են, որոնցից կարող են կազմվել տարատեսակ միացություններ, ինչպիսիք են ֆոսֆոլիպիդները, պրոստագլանդինները և այլն։ Ուստի կոսմետիկ յուղերի հատկությունները լիովին որոշվում են եռագլիցերիդների ճարպաթթվային կազմով։ Մեծ մասամբ մաշկը այսպես կոչված անփոխարինելի ճարպաթթուների պակաս է զգում՝ լինոլաթթու, լինոլեինաթթու , ալֆա- լինոլեինաթթու և գամմա- լինոլեինաթթու:

Շարունակելի․․․