ՀԱԼԵՊՅԱՆ ՕՃԱՌ՝ ՕՃԱՌԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՆՄՈՒՇ

140924141802

Հալեպյան օճառն ավելի քան հազար տարվա պատմություն ունի․ հայտնի է, որ դեռ 8-րդ դարում սիրիական Հալեպ քաղաքում  աշխարհում առաջին անգամ սովորեցին պինդ օճառ ստեղծել, որն էլ Եվրոպա հասավ խաչակիրների օգնությամբ, ովքեր բուրավետ օճառագնդերը վերցրեցին իրենց հետ՝ իրենց սիրտի տիրուհիներին ընծայելու համար։ Այդ ժամանակներից ի վեր հալեպյան օճառի բաղադրատոմսը գրեթե անփոփոխ է մնացել․ այն ստացվում է 2 յուղերի՝ ձիթայուղի և դափնու յուղի տարրալուծման (օճառացման) եղանակով։

Օճառի բաղադրակազմում դափնու յուղի պարունակությունը 5%-ից 45%-ի սահմաններում է տատանվում՝ որոշելով օճառի կարգը․ որքան մեծ է դրանում դափնու յուղի չափաբաժինը, այնքան օճառն արժեքավոր է, քանի որ ազնվական դափնու յուղը ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ հատկություններով է առանձնանում։ Դափնու յուղի շնորհիվ հալեպյան օճառն օժտված է հակաալերգիկ և հակաբորբոքային ներգործությամբ, չոր և վնասված մաշկը վերականգնող և թարմացնող ազդեցությամբ։

1mvEfaYvXi4

Աշխարհի ամենահին պինդ օճառի ստեղծման տեխնոլոգիաները դարեր ի վեր շարունակում են անփոփոխ մնալ․ Հալեպում օճառաստեղծման գործընթացը ամեն տարի սկսվում է նոյեմբեր-դեկտեմբերին՝ ձիթապտղի և ազնվական դափնու բերքահավաքից հետո։ Օճառի մի խմբաքանակի պատրաստումը տևում է գրեթե մեկ տարի՝ պահանջելով սապոնագործներից գիտելիքների մեծ պաշար, որակավորում և արտադրության բոլոր փուլերի նկատմամբ խնամքով մոտեցում։ Ինչպես արդեն նշվեց վերևում, հալեպյան օճառի գլխավոր բաղադրամասը ձիթապտղի յուղն է, որը լցնում են 5, երբեմն էլ 10 տոննա տարողությամբ ամանների մեջ, ավելացնում ալկալային լուծույթ և եփում 3 օր․ այդ ընթացքում էլ տեղի է ունենում օճառացման ռեակցիան։ Դափնու յուղն ավելացնում են վերջում, և ինչպես նշվեց, հենց այդ բաղադրամասի չափաբաժինն էլ որոշում է օճառի տվյալ խմբաքանակի կարգն ու արժեքը՝ որքան շատ է դափնու յուղի պարունակությունը, այնքան թանկարժեք է օճառը։

Այնուհետև ստացված մուգ կանաչ զանգվածն օճառագործները  լցնում են հատակին արված հատուկ ակոսների մեջ՝ թղթի բարակ շերտի վրա։Երբ օճառը կարծրանում է, այն ձեռքով կտրատում են և չորացնում՝ դասավորելով շախմատային կարգով։

5

Չորացման գործընթացն առնվազն 9 ամիս է տևում, այդ ընթացքում օճառը բավականին խոնավություն է կորցնում, մգանում՝ ստանալով ոսկեգույն օքրայի երանգավորում, սակայն օճառի միջուկը պահպանում է հագեցած կանաչ գույնը և հենց ոսկեգույնի շերտի միջոցով կարելի է գուշակել օճառակտորի տարիքը։

Դրական ազդեցությունն և բուժիչ նշանակությունը բազմապատկելու համար ժամանակակից օճառագործները հալեպյան օճառը հարստացնում են բնական տարատեսակ հավելումներով՝ խաղողի կորիզներ, դարչին, կավի տեսակներ, մեղր, խոտաբույսերի մզվածքներ և այլն։ Այդ նպատակով 9-10 ամսական ավանդական օճառը շերտատում են և չորացնում 10 օր։ Այնուհետև նրբաշերտերը հալեցնում են, խառնում հավելյալ բաղադրամասերի հետ, որից հետո օճառային զանգվածը լցնում են կաղապարների մեջ, մամլում և չորացնում մոտ 2 շաբաթ։