ԿԱՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅՈՒՄ

mun2

Շատ հաճախ կավ ասելով մենք առաջին հերթին շինանյութի մասին ենք մտածում ՝ մոռանալով, որ բրուտների, քանդակագործների ու շինարարների սիրելի նյութը նաև կոսմետոլոգիական հիանալի նշանակություն ունի, որը թույլ կտա զգալ սեփական գեղեցկությունը «քանդակելու» հմայքը։ Կոսմետիկ կավն իսկական փրկօղակ է կնճիռների, ճարպոտ փայլի, թերությունների և բորբոքումների առկայության դեպքում։

Կոսմետիկայում կավը կարող է գործածվել որպես ինքնուրույն նյութ` մաքուր վիճակում, կամ որպես բաղադրամաս։

Արժե նշել, որ կոսմետիկ արտադրությունում կիրառելու համար կավն արտահանվում է էկոլոգիապես մաքուր շրջաններից և պարտադիր ստուգվում է դրանում ծանր մետաղների և ռադիոակտիվ նյութերի առկայությունը։ Հանքանյութերի հարուստ բաղադրության շնորհիվ այս նյութն օգտագործվում է կոսմետիկ ամենատարբեր նպատակներով։

kav

Կախված կավի տեսակից ու խտությունից՝ այն կարող է նշանակալիորեն բարելավել մաշկի վիճակը, խթանել մաշկի բջիջների վերականգնումը, երիտասարդացնող ազդեցություն գործել, ակտիվացնել միջբջջային նյութափոխանակությունը, թունավոր նյութերի հեռացումը, մաքրել մաշկը, վերացնել ճարպագեղձերի աշխատանքի ավելցուկները։ Բացի այդ, կավն օրգանիզմի վրա ընդհանուր խթանող և առողջացնող ազդեցություն ունի։

Բնության մեջ հանդիպում է կավատեսակների մի ողջ գունապնակ․ կավին գունային երանգներ հաղորդում են այն խառնուրդները, որոնք բնորոշ են կավի այս կամ այն հանքավայրին։ Գունավորումից կախված տարբեր են լինում կավի բաղադրությունն ու ազդեցությունը։

Սպիտակ կավ (ամենատարածված տեսակն է, որը պարունակում է կաոլինիտ հանքանյութ)՝ նեղացնում է մաշկի ծակոտիներն ու վերացնում ճարպոտ փայլը, ուստի սպիտակ կավի գործածումը նպատակահարմար է յուղոտ մաշկի դեպքում։

Երկնագույն կավ (երանգը հաղորդում են կադմիումի և կոբալտի աղերը)՝ օգնում է ազատվել կնճիռներից։

Դեղին կավ (նատրիումի և ծծումբի միացություն)՝ բարելավում է մաշկի գույնը, քանի որ դուրս է հանում տոքսինները։

Կարմիր կավ (գույն է հաղորդում երկաթի և պղնձի օքսիդը)՝ վերացնում է մաշկի գրգռվածությունը։

Վարդագույն կավ (սպիտակ և կարմիր կավի խառնուրդն է)՝ ամրացնում է փխրուն եղունգները։

kav1Մոխրագույն կավ (այն հանում են ծովի հատակից, զերծ է խառնուրդներից)՝ խոնավեցնում է, ուստի իդեալական է չոր մաշկի համար։

Սև կավ (ածխածնային միացություններ և երկաթ)՝ անփոխարինելի միջոց է ցելյուլիտի և ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։

Կանաչ կավ (հարուստ է հանքանյութերով՝ ցինկ, կոբալտ, ֆոսֆոր, պղինձ, ալյումին)՝ օգտակար կլինի նրանց, ովքեր ցանկանում են ազատվել թեփից։

Կավն ավելացվում է ոչ միայն ավանդական դիմակների կազմում, այլ մարմնի և դեմքի խնամքի համար նախատեսված բազմատեսակ միջոցների մեջ։ Կավը հանդիպում է նաև լվացնող միջոցների կազմում։ Դրա տարբեր տեսակներն արդեն լվացվելու ընթացքում պայքարում են գրգռվածության, մաշկի այլ խնդիրների դեմ։

kav kanachՍակայն կավով կոսմետիկան ունի նաև հակացուցումներ՝ կախված ոչ միայն կավի տեսակից կամ քանակից, այլ նաև կոսմետիկայում առկա մյուս բաղադրամասերից։ Մեր ուշադրությունը կկենտրոնացնենք հենց կավի հետ կապված հակացուցումների վրա։

1․ Անհատական զգայունություն կավի նկատմամբ (ինչպես և կոսմետիկ բոլոր բաղադրամասերը, այնպես էլ կավը կարող է ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ, թեև դա շատ հազվադեպ է պատահում)։

2․ Սուր մաշկային հիվանդությունները։

3․ Մաշկի վրա առկա թարմ վերքերն ու վնասվածքները։

4․ Առողջական ընդհանուր վիճակը․ բարձր ջերմության, անգամ թեթև հարբուխի դեպքում պետք է զգուշանալ կավի օգտագործումից։ Օրգանիզմի անկայուն վիճակից կախված՝ կավը կարող է անկանխատեսելի ռեակցիաների պատճառ դառնալ։