ԻՍԿ ԵՏՄ-Ի ՊՈՏԵՆՑԻԱԼԸ Ե՞ՐԲ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ

image

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեզ վրա ազդում ուժեղ կախվածությունը Ռուսաստանից։ Ես չեմ ասում` չաշխատենք Ռուսաստանի հետ։ Բայց էդպես միակողմանի, գրեթե 100 տոկոսանոց կախվածությունն ինչի՞ բերեց, շեշտում եմ, ոչ թե բերում է, կբերի, այլ բերեց նրան, որ մեր առևտուրը՝  և՛ արտահանումը, և՛ ներմուծումը մեծ անկում ապրեց ։ Դա ոչ միայն մեր սխալների հետ է կապված, այլ հիմնականում  նրա հետ, որ մեր ամբողջ սպասելիքները կապեցինք Ռուսաստանի հետ, որ դարձանք Եվրասիական միության անդամ, էլ ավելի կապեցինք մեզ մենակ Ռուսաստանի հետ, ու դա է պատճառը, որ այսօր Ռուսաստանում տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, ու նրանց սխալները մեզ վրա ազդում են, և շատ կարևոր է հասկանալ, որ մեր վիճակը պայմանավորված է ոչ այնքան մեր, որքան Ռուսաստանի սխալներով»,-մեզ  հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի վրա ԵՏՄանդամակցության ազդեցության վերաբերյալ հարցին, կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Վերջինիս համար առավել ընդունելի տարբերակ էր Ասոցացման պայմանագրի ստորագրումը , սակայն ՀՀ իշխանությունների հիմնավորումները հաշվի առնելով, նշում է` եթե ԵՏՄ անդամակցությունն անխուսափելի էր, ապա գոնե պետք չէր այդքան շտապել:

«Համոզված եմ` ասոցացման պայմանագիրը կարող էին ստորագրել և զուգահեռ էլ Ռուսաստանի հետ  լավ հարաբերությունները պահպանել, քանի որ Ռուսաստանի համար մեր շուկան չէր կարևոր, այլ Ուկրաինայի շուկան, որպես տնտեսական գործընկեր ինքն Ուկրաինային չէր ուզում կորցնել։ Մենք չկարողացանք բացատրել Ռուսաստանին, որ վտանգ չկա։ Ինչո՞ւ այսպես արագ մտանք Եվրասիական միություն։ Հիմա մենք Եվրասիական միությունից  ստանձնեցինք պարտավորություններ, իրավունք չունենք ազատ առևտրի ուրիշ գոտի մտնենք։ Դա լուրջ պարտավորություն է, բայց դրա դիմաց ոչ մի բան չստացանք, Ռուսաստանի շուկան մեր առջև փակվում է, Ռուսաստանն իրեն պաշտպանում է այլ պատճառներով, ես չեմ ուզում ասել, որ դա հատուկ մեր դեմ է, այլ պատճառներով է դա անում, բայց մենք տուժում ենք»:

«Երբ որ մարդիկ ի օգուտ եվրասիականի են խոսում, թող իրենք խոսեն ոչ միայն պոտենցիալ հնարավորությունների մասին, այլ խոսեն թե կոնկրետ ինչու դա չի աշխատում, ինչի է այսօր անկում ապրում մեր տնտեսությունը ։ Գիտեք` խելոք մարդիկ շատ կան, նաև պրոեվրասիական միության շրջանակներում խոսում եմ պոտենցիալի մասին, բայց էդ պոտենցիալը երբ է աշխատելու, օրինակ` պոտենցիալը Եվրոպայի հետ շատ կոնկրետ աշխատում է, Եվրոպան շատ կոնկրետ ֆինանսավորում է, շատ կոնկրետ ծրագրեր է ՀՀ  կառավարության հետ անում, դա շատ կոնկրետ է։ Մենք դա էֆեկտիվ օգտագործում ենք, թե չէ, դա արդեն այլ հարց է։ Բայց շատ կոնկրետ է, մենք կարող ենք գնալ տեսնել այդ ծրագրերը: Ռուսաստանի հետ ոչ մի բան չի աշխատում։ Գործարանները տվեցինք, չեն աշխատում, էներգահամակարգը տվեցինք, չի աշխատում, պատկերացրեք` Ռուսաստանը մեզ գազ ծախում է 160 դոլարով , բայց Գազպրոմի գործունեությունն այնքան ոչ էֆեկտիվ է, որ սպառողին դա հասնում է 280 դոլարով»,-հայտնեց քաղաքագետը։

Նաիրա Նալբանդյան