ՕՃԱՌ. ԱՄԵՆԱԼԱՎ ՆՎԵՐԸ

image

Ի՞նչ նվիրել սիրելի էակին: Այդ հարցը մտահոգում է մոլորակի բազմաթիվ բնակիչների՝ հիմնականում տղամարդկանց: Չէ՞ որ բոլորն էլ ցանկանում են այնպիսի նվեր մատուցել, ինչը դիմացինի համար կլինի հաճելի, միաժամանակ օգտակար, եւ բացի այդ, կընդգծի իրենց մտերմիկ հարաբերությունները: Ի՞նչ կարելի է նվիրել, եթե հոգնել եք փափուկ արջուկներից եւ օծանելիքից:

Օրինակ, ճապոնացիներն այս դեպքում առանց երկմտելու կգնեին օճառի հավաքածու կամ բամբակե սրբիչների տեսականի: Նրանց այդ սովորույթը դարերի պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցնում իր արդիականությունն ու իմաստը:

Միայն Հայաստանում չէ, որ Ամանորին, Սուրբ Ծնունդի տոնին կամ ծննդյան օրվան սպասում են անհամբերությամբ:  Բայց յուրաքանչյուր երկրում տոները նշվում են յուրովի, և անգամ  նվերներն են լինում միմյանցից բավականին տարբեր:

Ճապոնացիները, օրինակ, Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ եւ առօրյայում անհրաժեշտ այլ պարագաներ:

Օճառ նվիրելու սովորույթը բնորոշ է ոչ միայն ճապոնացիներին:

Օրինակ, վերջերս Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Հռոմ կատարած այցի ժամանակ հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ եւ նրան զարմացրել իր նվերներով: Թագուհին Հռոմի պապին է փոխանցել մեկ շիշ բարձակարգ վիսկի,  երկու տեսակի մեղր, մուրաբա և հոտավետ օճառ:

Չմոռանանք, որ օճառը լավագույն նվերներից է նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի համար: